ՍՄԲԱՏ.— Մարդիկ ասացիր։ Մի՞թե Պապաք իշխանից զատ մի ուրի՞շն էլ խոսել է քեզ Ռուզանի մասին։
ՀԱՄՏՈՒՆ.— Պապաք իշխանի՞ց... դու ուրեմն գիտե՞ս այդ մարդու անունը:
ՍՄԲԱՏ.— Գիտեի ավելի վաղ, քան ինքը կկարծեր։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛, բարեկամ, այդ Պապաքն էր, որ իմ իշխանական պատվասիրությունը գրգռեց։ Նրա խորհրդով ես եկա մրցելու Ներսեհ իշխանի հետ, բայց շուտով էլ պատժվեցա։ Իշխանական սին փառասիրությունը տեղի է տվել այժմ իմ մեջ սիրո տանջանքների։
ՍՄԲԱՏ.— Թույլ կտա՞ս ինձ՝ ազատել քեզ այդ տանջանքներից։
ՀԱՄՏՈՒՆ.— Օ՜, և ինչպիսի՜ շնորհակալությամբ կընդունեմ այդ օգնությունը։ Պատրաստ եմ իմ երկրի ամենից բերրի գավառը նվիրել քեզ, միայն թե ասա՝ ինչո՞վ կարող ես օգնել ինձ։
ՍՄԲԱՏ.— Մի բարի խորհրդով։
ՀԱՄՏՈՒՆ.— Իսկ այդ խորհո՞ւրդը։
ՍՄԲԱՏ.— Հեռացիր այստեղից և մոռացիր այս խաչենցի օրիորդին։
ՀԱՄՏՈՒՆ.— (հուսահատաբար) Հեռանա՞լ այստեղից... օ՜, եթե միայն կարենայի, եթե ոտքերս հպատակվեին ինձ...
ՍՄԲԱՏ.— Քո սյունեցի նժույգը մի օրվա մեջ կարող է վերադարձնել քեզ քո երկիրը։
ՀԱՄՏՈՒՆ.— Իհարկե, նա իմ մարմինը կտանե, բայց հոգիս կմնա այստեղ. Հասան-Ջալալի աղջկան ես չեմ կարող մոռանալ։
ՍՄԲԱՏ.— Ով որ հեռանում է, նա էլ մոռանում է. լսի՛ր բարեկամիդ, որ խոսում է անկեղծությամբ։