Այս էջը հաստատված է


— Իհարկե, առաջ մայրն է, հետո ուրիշները,— ձայնակցեց տիկին Մարկոսյանը:

— Բայց դուք հո չգիտեք թե ի′նչ խոստումի մասին է խոսքը,— նկատեց Ադելինան մորը։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց վերջինս։

— Ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պարոնը մի դատարկ բանի պատճառով չէր համաձայնիլ զրկել իրեն ամառանոցի հանգստությունից և զվարճություններից...

Այս ասելով օրիորդը մի խորհրդավոր հայացք ձգեց երիտասարդի վրա, կամենալով, կարծես, հարցնել թե՝ «այդ ի՞նչ բարոյական պարտք է, որի կատարումը ավելի անհրաժեշտ է, քան ինձ նման գեղեցկուհուն ամառանոցում ընկերանալը»։

Երիտասարդն էլ, գրեթե, այդպիսի մի նշանակություն տվավ այդ խորհրդավոր հայացքին, բայց ոչինչ չբացատրեց, որպեսզի այդպիսավ հասկացնի օրիորդին թե՝ իրավ, ինքը խիստ մեծ ու արժանավոր նպատակի համար է զրկում իրեն ամառանոցի զվարճություններից։ Բայց որպեսզի բոլորովին անքաղաքավար չգտնվի օրիորդի հարցասիրությունը գոհացնելու նկատմամբ, կարևոր համարեց այսքանը հայտնել, թե՝ կգա մի օր, երբ ինքը կբացատրե նրան այն կարևոր պատճառները, որոնք ստիպում էին իրեն զրկվել Ադելինայի աննման ընկերակցությունից։

Ե

Տիկնոջ ու օրիորդի հեռանալուց հետո, Պետրոսն զգաց, որ վերջինի յուր վրա թողած ազդեցությունն այնքան է սաստիկ, որ յուր նախկին մտածմունքներին վերադառնալու համար իզուր պիտի լիներ այժմ դիմել հուշատետրի օգնության։ Նրան այժմ հարկավոր էր ավելի զորեղ ցնցում, որպեսզի յուր մտքերը նորեն փարեին գաղափարական հայտնի նպատակին։ Այդ պատճառով նա առավ Աբովյանի «Վերք Հայաստանին» և իջավ պարտեզ։ Այս գիրքը նրան սիրելի էր դարձել մանավանդ այն օրից, երբ ուսանողական ժողովում յուր հայտնի խոստումն արավ։