«Ոչ, ես հաստատ կմնամ իմ վճռին, ես կկատարեմ իմ խոստումը», որոշեց երիտասարդը և նորեն առավ գիրքը, որ արդեն փակել, դրել էր նստարանին։ Բանալով գիրքը, նայեց նրան նորեն և ապա դրավ ծնկներին։ Այս անգամ էլ մի ուրիշ, սակարկող պայման գրավեց նրա մտածությունը։
— Ես կկատարեմ իմ խոստումը, ես կնվիրեմ ինձ մոռացված ժողովրդին… բայց եթե Ադելինան ընկերանար ինձ այս գործում, օ՜, որպիսի մեծ հաջողությամբ կպսակվեր իմ նվիրումը… իրավ, չէ՞ որ ամենաեռանդուն աշխատանքն իսկ ապարդյուն կանցնե, եթե նրան չխրախուսե կնոջ սերն ու ժպիտը… Եվ ի՜նչ երջանկություն, մենք միասին կաշխատինք, միասին կգործեինք…
Այս միտքը երկար զբաղեցրեց երիտասարդին։ Նա մտածում էր, մինչև անգամ, համակերպիլ առայժմ յուր մոր ցանկության, գնալ ամառանոց, մտերմանալ այնտեղ Ադելինային, նշանվել, պսակվել և հետո… իհարկե, Ադելինայի հետ միասին վերադառնալ գյուղը։ Իսկ այնտեղ.... չէ՞ որ երկու խելքը կարող էին ավելի լավ գործել, քան մեկը։
Բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ երիտասարդի երևակայությունը նորեն այդ գյուղից փոխադրեց նրան ամառանոց։ Նա պատկերացրեց յուր առաջ նշանադրության հանդեսը, ապա հարսանյաց պատրաստությունները, վերջը` փառահեղ պսակադրությունը, հարուստ հյուրերը, մետաքսի, ադամանդի և փարիզական ճոխությանը մեջ փայլող կիսամերկ կրծքերով ու հոլանի թևերով գեղեցկուհիները, որոնց մեջ սպիտակազգեստ և ծաղկապսակ Ադելինան պիտի երևար իբրև մի հրաշագեղ դիցուհի, հավերժահարսներով շրջապատված…
Բայց հենց այդ փայլի ու շքեղության պատկերը, կարծես, մարմին առնելով շշնջաց յուր ականջին` «մի՞թե չես ցնորում… Մի՞թե Ադելինան, այն կրթված, զարգացած, փափկության մեջ մեծացած, թատրոնի, երեկույթների և պարահանդեսների սովոր աղջիկը կհամաձայնի թողնել քաղաքը, նրա կյանքով ու հրապույրներով լի մթնոլորտը և գնալ, մտնել գյուղը, աշխարհի մի լուռ, անծանոթ անկյունը, թե ինչ է` այդտեղ պիտի հոգա շինականի կյանքը բարելավելո՞ւ մասին…»։