Այս էջը հաստատված է

Այդ գաղտնի շշունջը ցրեց երիտասարդի նախկին մտքերը:

«Նա մինչև անդամ կարող է ինձ վրա ծիծաղել, իմ նպատակը ծաղրել, եթե ես դրա մասին խոսեմ նրա հետ» — տրամաբանեց Պետրոսը և տխրելով գլուխը կախեց։

Նրա աչքերն ընկան ծնկանը դրված գրքին և նա, կարծես, մտածելուց հոգնած, սկսավ կարդալ բաց երեսի վրա Աթոյենց աղջիկ Թագուհու մասին գրված հետևյալ տողերը.

«Բաս ի՞նչ կլեր, որ էսպես չէր էլել: Մինչև էն հադաղը (միջոցը) նրա (Թագուհու) ականջը մեկ թթու խոսք չէր լսել, նրա աչքը մեկ դառը օր չէր տսսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէր եկել։ Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր։ Տասնհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարհքիցս մեկ բան չէր խաբար։ Նրա ընկեր աղջկերքը դռներին, կարներին ման էին գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ, յա իրենց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրենց մալին, ապրանքին աչք ածում։ Վուշը գլխի վրով թռչելիս կարմրատակած, շունչը կտրած տուն էր ընկնում, որ շվաքն է՛լա օքմին չըտեսնի։ Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր հոգին հանի իրեն տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չը չոքի ու աստծու ողորմությունը խնդրի։ Աղքատ տեսնելիս բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, արևշատություն խնդրի։ Բաղն էն ժամանակ էր դնում, որ լիսն ու մութը դեռ չէր բաժանված ըլում, բաղիցն էլ էն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում։ Ով նրան ուզենար տեսնի, յա ծառի, յա պատի տակ պետք է տափ կենար, որ նրա հրեսին մտիկ տար, նրա աչքերի լսովն հայիլ մայիլ մնար: Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենռւ տակից, յա քչքչան առվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս երկնքիցը լիս ա վեր եկել, ափնիքը հայլի դազել․․․ Քունը նրա աչքերին էնպես էր մոտենում, ինչպես մեկ սրբի երկնային հրեշտակը, թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում... Ախ, ո՞ը մեկն ասեմ։ Նրա ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժամ գալը հրաշք էր։