Զ
Դեռ այս մտքի վրա էր Կամսարյանը, երբ հանկարծ նրա հետևից հնչեց մի թավ ձայն.
— Տո, Պե՛տո, դեռ ա՞յստեղ ես, իսկ ես կարծում էի թե Մասիսն արդեն անցել ես։
Պետրոսը ետ նայեց և տեսավ մեկին այն ընկերներից, որոնք ուսանողական ժողովում լսելով յուր խոստումը, դղրդացրել էին օդը կեցցեներով և իրեն բարձրացրել ձեռքերի վրա։
— Գնում եմ, բա՛րեկամ, գնում եմ,— պատասխանեց նա կարծես շփոթվելով և արագ տեղից ելավ։
— Ճշմարի՜տ, թե` կատակ ես անում,— հարցրեց երիտասարդը պարզելով ձեռքն ընկերին։
— Իհարկե ճշմարիտ, կատակ ինչո՛ւ եմ անում։
— Եղբայր, մեծ մարդ ես, խոստովանում եմ. բայց ե՛րբ:
— Շուտով, հենց այս քանի օրը։
— Ուրեմն, պատրաստությունդ տեսե՛լ ես։
— Արդեն։ Կամենո՛ւմ ես, արի` ցույց տամ։
— Հապա, տեսնենք, հետաքրքրական է,— ասաց երիտասարդը և հետևեց Պետրոսին։
Առաջնորդելով ընկերին յուր սենյակը, Պետրոսն սկսավ մի մի ցույց տալ նրան այն ամենը, ինչ որ գնել էր գյուղ տանելու համար։
— Ամենից առաջ տե՛ս այս թամբը, հունգարական է, բոլորը խոզի կաշվից. 60 ռուբլի արժե, սանձը, ասպանդակները մաքուր պողպատից։