— Մի վշտանար, բարեկամ, քո ծնողներն ու հարազատները նույնպես հասարակության անդամներ են. եթե դու նրանց խնամում ես, դրանով արդեն որոշ չափով ծառայում ես հասարակությանը։ Ես հավատացած եմ, որ երբ դրությունդ բարվոքվի, կաշխատես ավելին անել։
— Անշուշտ։
— Ուրեմն չխոսենք այլևս այդ մասին, դառնանք իմ ձեռնարկության։ Ի՞նչ խորհուրդ ես տալիս, ո՞ր կողմում հաստատեմ օգնության գործը։
— Դու դեռ չե՞ս որոշել։
— Ո՛չ, որովհետև մտածում եմ թե բոլոր կողմերն էլ միևնույնն են ինձ համար, ուր որ հայ շինական կա, այնտեղ էլ կարող եմ գործել։
— Եվ շատ լավ ես մտածում։ Նստի՛ր երկաթուղի և գնա դեպի աջ, հենց որ հասար Աղստաֆա (դա մեր պատմական Աղստևն է, չմոռանաս), իջի՛ր այնտեղ։ Փոստային կառքը Աղստև գետի ուղղությամբ կտանե քեզ դեպի Դիլիջան։ Անցե՞լ ես դու այդ ճանապարհով։
— Ո՛չ,
— Լավ, ուրեմն, կերթաս և կտեսնես այն աշխարհը, ուր քո պապերն են ապրել։ Սարող ես հենը առաջին պատահած գյուղում իջնել և այնտեղ էլ քո օգնության գործը հիմներ: Այժմվանից, իհարկե, դժվար է որոշել թե ի՛նչ պիտի անես, բայց երբ կմտնես ժողովրդի մեջ, այն ժամանակ արդեն ինքդ կտեսնես նրա կարիքները և կսկսես հոգալ կարևոր դարմանը։ Ինչպես լավ, նույնպես ն վատ օրինակը վարակիչ է։ Երբ քո ձեռքը կստեղծե մի գյուղում գովության արժանի գործ, կտեսնես, որ հետո լույս կընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք նույնը կանեն ուրիշ գյուղերում։ Ո՞վ գիտե, գուցե հենց քեզ է վիճակված կարապետ լինել այն գաղափարական գործին, որ ամփոփում է յուր մեջ գյուղական ժողովրդի ապագա բարօրությունը և որի մասին այնքան շատ խոսել ու քարոզել է հայ լրագրությունը։ Երևակայիր թե ինչպիսի հռչակ պիտի վաստակես դու հայ հասարակության մեջ, երբ հայտնի լինե մի օր թե` այն, ինչ որ գրողները միայն երազել են, դու արդեն մարմնացրել ես քո հաստատուն կամքով: