Այս էջը հաստատված է

ՀԱՄՏՈՒՆ.— Հավատում եմ քեզ, իմ բարի իշխան, բայց հեռանալ չեմ կարող։

ՍՄԲԱՏ.— Քո վիճակն ավելի կվատթարանա՝ եթե Ներսեհը վերադառնա այստեղ:
ՀԱՄՏՈՒՆ.— Գիտեմ։ Նախանձը, որ այժմ իմ սրտում վառվում է իբրև զոհի հուր, այն ժամանակ կբորբոքի ինչպես մի հրդեհ։
ՍՄԲԱՏ.— Բավական չէ նախանձը։ Կծագեն, նաև, ուրիշ գժտություններ։
ՀԱՄՏՈՒՆ.— Գժտություններից չեմ վախենում, նույնիսկ եթե բոլորը զինվեն իմ դեմ. միայն թե նա՛... նա՛ լիներ ինձ հետ։
ՍՄԲԱՏ․— Ո՞վ, օրիո՞րդը։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛, իմ սրտի իշխանուհին...
ՍՄԲԱՏ.— Նա Ներսեհին է սիրում.
ՀԱՄՏՈՒՆ.— (հանկարծ հուզվելով) Մի՛ ասիր այդ, Սմբատ իշխան, այս ամրոցը ես կկործանեմ միայն այդ խոսքը չլսելու համար։
ՍՄԲԱՏ.— (զգաստանալով և ինքն իրեն) Սա կատակ չէ անում, ես իզուր եմ խոսում։ (Համտունին) Ուրեմն ի՞նչ ես մտադիր անելու։
ՀԱՄՏՈՒՆ.— Չգիտեմ, շփոթված եմ։ Ես եկա այստեղ Պապաքի հետ խոսելու, նա է կապել այս հանգույցը, նա ինքն էլ պիտի լուծե։ Չգիտե՞ս ուր է նա։
ՍՄԲԱՏ.— Քիչ առաջ այստեղ էր և խոստացավ վերադառնալ։
ՀԱՄՏՈՒՆ.— Կխոսեմ նրա հետ առանձին։
ՍՄԲԱՏ.— Եթե այդպես է, ուրեմն չեմ խանգարիլ ձեզ։ Խոսեցեք, ինչ կամենում եք։ Միայն թե դու, ազնիվ իշխան, մի՛ մոռանար իմ խորհուրդը։ Եթե քո սերն ու իրավունքը կարող ես զոհել հասարակաց բարվույն, ապա զոհիր քաջությամբ, և ամեն բերան կօրհնե քեզ սրտագին։
ՀԱՄՏՈՒՆ.— Կաշխատեմ, Սմբատ իշխան, ստանալ քո սիրտն ու զգացմունքը։ Բայց եթե իմ ջանքն ապարդյուն անցնե և խելքը սրտիս վրա իշխել չկարենա՞...
ՍՄԲԱՏ․— Այն ժամանակ, իհարկե, կհաշտվիմ այն մտքի հետ թե' մարդը հրեշտակ չէ... թող աստված օգնե քո ջանքերին։ Պետք է շտապել ճամփել Սուրիկին։


(Արագ դուրս է գնում)