Այս էջը հաստատված է

— Դու ինձ ոգևորում ես, բարեկամ,— բացականչեց Կամսարյանը և ընկերոջ ձեռքն առնելով, ամուր-ամուր սեղմեց։

— Ոգևորվիր ու գնա գործիդ: Աստված անշուշտ կօրհնե քո ընտրած ճանապարհը։

Այսքանն արդեն բավական էր, որ Կամսարյանն յուր որոշումը իրագործեր անպատճառ։ Ընկերոջ հեռանալուդ հետո նա սկսավ կարգի բերել յուր իրեղենները և կապկպել:

Չնայելով, որ այդ առթիվ Լիդիա Պավլովնան ու Կիրիլ Կարպիչը մի անգամ ևս լուրջ վիճաբանություն ունեցան իրենց որդու հետ և այս անգամ մայրը ոչ միայն հուզվեց, այլև կարողացավ լաց լինել, այսուամենայնիվ, Պետրոսը մնաց անընկճելի։ Միակ զիջումը, որ նա արավ ծնողներին, այն էր, որ խոստացավ չերկարել ճանապարհորդությունը և աշխատել մի քանի շաբթով վերադառնալ Բորժոմ։

Այս պայմանը խաղաղացրեց երկու կողմերն էլ և Պետրոսը մի լուսնկա երեկո յուր պարկ ու զուրկը կառքի մեջ Ժողովելով, ճանապարհվեց դեպի երկաթուղու կայարանը։

Է

Կես գիշեր էր, որ գնացքը կանգ առավ Աղստև կայարանի առաջ։ Ղազախ ու Դիլիջան գնացողների թվում իջավ գնացքից և Պետրոս Կամսարյանը։ Ոգևորներին իրենց ծառայությունն առաջարկող կառապանները մոտեցան նաև վերջինիս և սկսան գովել մեկն յուր «թռչկան ձիերը», մյուսն յուր «սլլող կալասկան», երրորդն` յուր դինջ «օմնիբուսը» և այլն, և այլն։

Պետրոսը, ինչպես հարմարություններ սիրող մարդ, չէր կամենում փոստի սայլակով ճանապարհորդել, որպեսզի չենթարկվի կայարանների քմահաճույքին, այդ պատճառով էլ ընտրեց «սլլող կալասկան», թեպետ հաստատ չգիտեր թե՝ որքնա է նա հարմար առաջիկա ճանապարհորդության համար։ Եվ որովհետև օմնիբուսի, կամ ուրիշ կառքերի տերերը վախեցնում էին նրան ասելով «էդ կալասկան էդա ճամպի միքսւմր կոտրվելու ա, քե էլ թողի արևումր խաշվելիս» և այլն, ուստի երիտասարդը սկսավ կասկածել թե միգուցե սխալվել յուր ընտրության մեջ։