Այս էջը հաստատված է

Ուրեմն Պետրոսի ուղեկիցը տիրացու էր և ոչ վարժապետ։ Սրանով էլ պարզվում էր երիտասարդի համար այն հանելուկը, որ վարժապետ կոչվածը գյուղական բարբառով էր խոսում։

Այս նորությունը թեպետ որոշ չափով ձգեց ուղեկցի վարկը Կամսարյանի աչքում, այսուամենայնիվ, վերջինս դարձյալ հետաքրքրվեց նրանով։

— Ո՞րտեղ ես ուսում առել,— հարցրեց նա։

— Հրես, առաջներիս գեղ կա, Քարվանսարա են ասում, ընդեղ եմ կարդացել։ Ես ինքս էլ Ղազախի գեղերիցն եմ, միայն Չբխլուի էրեցը մեր ազգականն էր, զոռեց, տարավ իրա կուշտը (մոտը), ասեց' ըստի տիրացութին պտես անիլ, ժամանակով էլ քահանա կշինեմ քե։

— Լա՞վ գյուղ է Չիբուխլուն։

— Հլե մեզ հմար լավ ա, ուրիշի հմար ի՞նչ գիդամ։

— Ո՞րքան ժողովուրդ ունի։

— Իսկը գիտում չեմ, կըլի որ հարյուր հիսուն տուն ըլի։

— Ի՞նչպես է, որ այդքան տուն չի կարողացել յուր համար ուսումնարան հիմնել։

— Բա, գեղականը ո՞րդիան կարա ուսումնարան հիմնել։ Սաղ օրը չարչարվելով, արևի, անձրևի հետ կռիվ տալով ըսկի կարում չի էնքան աշխատի, որ իրա րեխանց ռուզին հասնի, յա նրանց տկլոր լաշը ծածկի, ուսումնարան ո՞նց տի հիմնիլ։

— Իսկ եթե գտնվի մեկը, որ ցանկանա յուր ծախքով այդ բանն անել, գյուղացիք հո չեն հակառակիլ։

— Բա՞, էդ ի՞նչ ես ասում, աղա ջան, մարդ իրա աչքը քո՞ռ կուզի, գեղացիք չէ թե հակառակիլ չեն, հլա դհենց մարդու ոտն էլ կպաչեն։

«Այս գյուղն, ուրեմն, կարժանանա իմ ուշադրության»,— մտածեց ինքնիրեն Կամսարյանը և շարունակեց․

— Իսկ գյուղատնտեսությռւնը ի՞նչ դրության մեջ է ձեր կողմերում։

— Գյուղատնտեսությունը ո՞րն ա։