Այս էջը հաստատված է


Պետրոսը ուշի ուշով նայելով ուղեկցի վրա, զգաց այնպիսի մի անհանգստություն, որ պաշարում է մարդուն զզվանք զգալուց առաջ։ Նա զարմացավ յուր անմտության վրա, որ մի առաջնորդ ունենալու պատճառով, նստեցրել էր կողքին այնպիսի մի գռեհկի, որից, մինչև անգամ, կեղտի ու քրտնքի հոտ էր փչում։ Այս պատճառով երիտասարդն անզգալի կերպով քաշվեցավ մի կողմ և, որպեսզի տիրացուից ավելի անջատվի, առջևը գրած իրերից մինն առնելով, զետեղեց նրա և յուր մեջտեղը, ասելով.

— Սրա մեջ կոտրելու բան կա, լավ է այստեղ դնենք։

Բայց որովհետև Պետրոսին այնպես թվաց թե Մոսին հասկացավ յուր միտքը, ուստի սկսավ զբաղեցնել նրան։

— Ասում ես թե այն կողմերն ավելի գեղեցիկ են, հա*։

— Գեղեցիկ են, բա՛, ըստեղ հլա շատ փայը դյուզ ա (դաշտ), արևը որ աշմիշ ա ըլում (բարձրանում Է), էն ղայդի ա էրում, որ ասես թե մարգի կաշին պուկիլ տի, ամա դենի ճամփեն չիմ մեշալղով (անտառով) ա անց կենում, ոտով էլ որ գնաս, մեջքդ տաքանալ չի։

Չնայելով տիրացուի հայտարարության, Կամսարյանն, այսուամենայնիվ, թերություն չէր գտնում շրջապատող տեսարանների մեջ, ընդհակառակն, նա որքան հառաջանում, այնքան ավելի էր հիանում նրանցով։ Մանավանդ Աղստևի մշտակարկաչ հոսանքը և նրա սիրուն, ծառազարդ ափերը գրեթե շարունակ զմայլեցնում էին նրան, այնպես որ մի ժամանակ նա, մինչև անգամ, մռռացավ տգեղ տիրացուին և ինքնիրեն խոսեց.

Ահա' թե ի նչ տեղեր են և ի՛նչ գեղեցկություններ են անհայտ մնում մեզ... Իսկ սրանց մեջ ապրող մեր ազգակիցները... չէ՛ որ նրանք էլ ունին գեղեցկություններ ու կատարելություններ, որոնք անծանոթ են մեզ։ Պետք է շնորհակալ լինել բախտից, որ վերջապես օգնեց ինձ՝ իմ նվիրական խոստումն իրագործելու (այդ վայրկենին երիտասարդի հայացքը հանդիպեց յուր ուղեկցին և նա մի քայլ ետ կասեց յուր մտածու՛թյան մեջ' ավելացնելով) կամ, գոնե, ծանոթանալու այս երկրին ու ժողովրդին, որպեսզի համոզվիմ թև ի՛նչ չափով է հնարավոր այդ որոշումն իրագործել։