Քիչ ժամանակից հետո երիտասարդ Կամսարյանը նստած Քարվանսարա գյուղի առաջ, կարկաչահոս Աղստևի ափին, մի հովանավոր ծառի տակ, ախորժակով նախաճաշում և թեյ էր վայելում։ Այստեղ արդեն տիրացուն չէր ընկերանում նրան, որովհետև հանդգնություն էր համարում ձգվիլ «աղայի» հետ նաև նախաճաշի ժամին։ Նա համեստությամբ խույս էր տվել դեպի մոտակա կրպակը, ուր խռնված էին Ղազախի զանազան կողմերից գյուղացիներ և նրանց հետ խոսում էր։ Տիրացուի այդ վարմունքը դյուր եկավ Կամսարյանին և համոզեց նրան, որ յուր ուղեկիցը այնքան էլ անտաշ գռեհկին մեկը չէ։ Այդ պատճառով էլ, երբ նախաճաշն ավարտեց, կանչեց վերջինիս և առաջարկեց նրան նույնպես թեյ խմել և նախաճաշել, իսկ ինքը հեռացավ մի փոքր շրջագայելու։
Տիրացուն յուր կողմից հրավիրեց կառապան Օհանեսին։ Նրանք երկուսը նստեցին նույն հովանավոր ծառի տակ և սկսան վայելել «աղայի» թեյի ու նախաճաշի առատ մնացորդը։ Կառապանը տեսնեչով, որ «աղան», ի միջի այլոց, թողել էր իրենց համար տասը կտոր շաքար, այդ համարեց առատասրտություն և դրանից էլ եզրակացրեց, որ նա «մենծ մարդ պիտի ըլի»։
— Մենծ մարդ ա, բա', մենծ որ չըլեր, մենակ կալասկա կբռներ կգա՞ր,— հաստատեց տիրացուն։
— Յա չէ, առանց փողի քե կողքին կդներ կբերե՛ր։
— Ես էլ էդ չե՞մ ասում։
— Թյունդ հուսումնական կըլի, ա՛յ։
— Հուսումնական ա, բա՛։
— Չըլի՛ թե ընջներ ա։
— Չէ, ընջներ չի րևում։ — Բա խի՞ յաշչիկը ծանդր ա, ես նըհենց եմ մանում թե ընջների յարաղ (գործիք) կա միջումը։
— Չէ, կըլի որ գրեր ըլին։
— Գրերը ինչի՞ն ա պետք։