— Ո՛նց թե ինչի' ն ա պետք, բա հուսումնականն առանց պրերի ման կըգա'։
— Ես ի'մ (ի՛նչ գիտեմ), հրեն մեր գեղի աղան էլ ասըմ են հուսումնական ա, ամա ճամփա գնալուց՝ արաղից սավայի ղատ չի ըլում հետը։
— Է՜, շա՛շ, դու էլ մարդու անուն տվիր. գեղի հուսամնականն ու քաղաքինը մի՛ն ա ըլում։ Գեղի հուսումնականը սաղ կյանքումը հինգ, յա վեց գիր անջախ (հազիվ) ա կարդում, ամա բաղաքինը՝ աշխարհումս էլ գիր չի թողնում, չիմ (բոլորը ) կարդում պրծնում ա։
Այսպես զրուցելով տիրացուն ու կառապանը վերջացնում էին իրենց նախաճաշր, երբ Կամսարյանն յուր շրջագայությունից վերադառնալով, տեսավ նրանց միասին։
— Այս տիրացուն իսկապես կառապանի ընկերն է, ես ինչո՜ւ հիմարաբար իմ կողքին եմ նստեցրել,— մտածեց նա և որոշեց առաջարկել, որ սա այնուհետև նստե կառապանի մոտ: Բայց ինչպե՜ս աներ առաջարկությունը, որ տիրացուն չվիրավորվեր, նա այդ մասին էլ մտածեց։
Երբ Օվանեսը յուր գահին բազմած կառքը մոտեցրեց «աղին», վերջինս հրամայեց ծածկել հովարանը, որովհետև արևն այրում էր արդեն։ Կառապանն իսկույն կատարեց հրամանը։
— Նախաճաշից հետո ես սիրում եմ հանգստանալ, արդյոք չէ' կարելի պառկել քո կառքում և այնպես գնալ,— հարցրեց Պետրոսը կառապանին։
— Խի՝ չի կարելի․ տեսնո՜ւմ չես որքան լեն ա իմ կալասկեն։ Դու ոտերդ ձգի ու պառկի, վարժապետն էլ իմ կողքին կնստի,— պատասխանեց Օվանեսը։
— Հա, ես ըստի կնստեմ, դու նեղանալ մի— հարեց տիրացուն, ցույց տալով կառապանի նստատեղը։
Կամսարյանը հիացավ այս հաջողության վրա և կառքը բարձրանալով, գլխի տակն առավ փոքրիկ բարձը և ձգվեց բազմոցի երկարությամբ։
Տիրացուն սեղմվեց կառապանի կողքին։
Քարվանսարայից ելնելուց Աղստևը դարձյալ ընկերանում Էր ճանապարհորդներին յուր ընդդիմակաց հոսանքով, երբեմն ւիոքրիկ ձորակներից անցնելով, երբեմն դաշաերի եզերքը քերելով, իսկ շատ տեղ թումբերի հետևը թաքնվելով։