Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Թ
Համտուն (միայնակ)



Ի՞նչ տարօրինակ զգացմունք է այս։ (Ձեռքը դնելով սրտին): Ի՞նչ կա այստեղ. ինչո՞ւ չէ հանգստանում... Արդյոք մի աներևույթ ձեռք սեղմել է սրան յուր բռան մեջ, թե՞ սեգ իշխանուհու աչքերն են հարվածել։ Եվ ինչ. մի թե՛ սա է սերը... Օ՜ , ոչ, սերը երկնքից է իջնում, նրան աստված է վառում, իսկ այստեղ հրդեհում է մի դժոխք, որ դևերը կարող են բորբոքել...


ՏԵՍԻԼ Ժ
Նույնն և Պապաք



ՊԱՊԱՔ.— (մտնելով) Ի՞նչ է պատահել քեզ, իշխան, դու այսօր ավելի տխուր ես, քան երբևիցե տեսել եմ քեզ:
ՀԱՄՏՈԻՆ.— Հույսս արդեն հատել է. ինձ թվում է թե' երկար և ապարդյուն սպասեցի։ Մնում է միայն հեռանալ։
ՊԱՊԱՔ. — Բայց մեր գործն արդեն հաջողվելու վրա է։
ՀԱՄՏՈԻՆ.— Դու այդ միշտ ես ասում, ուր է ապա հաջողությունը։
ՊԱՊԱՔ.— Ամեն ինչ վերջացած է. մի քանի վայրկյանից Ռուզանն յուր դայակի հետ կգա այս սրահը։
ՀԱՄՏՈԻՆ.— Հետո՞։
ՊԱՊԱՔ.— Դու կներկայանաս նրան և քո առաջարկը կանես։
ՀԱՄՏՈԻՆ.— Բայց օրիորդը... կհոժարի արդյոք լսել ինձ։