Քանի շարունակվում էր տեսարանների միակերպությունը, Կամսարյանը նրանցով չէր հետաքրքրվում, այլ պառկած էր։ Բայց հենց որ հասան Ղլիճ-Ղայա կոչված ժայռերի ստորոտին, նա ուղղվեցավ իսկույն պուխը կառքից դուրս հանելով, սկսեց ուշի ուշով դիտել այդ ահավոր և միևնույն ժամանակ գեղատեսիլ պարեխները, որոնք ճանապարհի աջ կողմից ձգվելով, իրար վրա դիզված, հետզհետե բարձրանում, կազմում էին տարօրինակ ամբարտակներ, մի տեղ սուր ու միապաղաղ, մյուս տեղ խրոխտ ու բարդ-բարդ, իսկ շատ տեղ թեք դեպի ճանապարհը, կարծես սպառնալով փլչել բարձր գահավանդից և իրենց փլվածքի տակ ծածկել տեղի խաղաղությունը վրդովող հանդուգն ուղևորներին։
Խարակների այդ ահավոր ամբարտակներից հետո տեսարանը դարձյալ մեղմանում ու դաշտանում էր, իսկ խճուղու մի քանի կեռմաններ անցնելուց' հորիզոնը դարձյալ փակում էին նոր, կանաչ սարալանջեր, որոնք հետզհետե դեպի վեր բարձրանալով ձգվում, հասնում էին մինչև Ղըզղալի սարը։
Մի երկու ժամ այսպես ճանապարհորդելուց և տարբեր տեսարաններ անցնելուց հետո, մեր ուղևորները հասան Թարս-չայ կայարանը, որ գտնվում էր Դիլիջանի սարավանդը հանող բարձրությունների ստորոտում։
Որովհետև կառապանը կեր պիտի տար այստեղ ձիերին, ուստի առաջարկեց «աղին» վայելել յուր ճաշը առանց շտապելու։
— Արևն էս սարին թեքվելուց' կալասկեն կլծենք ու սարինով (հովով) Դիլի դյուս կգանք,— հայտարարեց նա խորհրդատու եղանակով։
— Ինչո՞ւ այդքան ուշ,— հարցրեց Պետրոսը։
— Ուշ չի, աղա՛, էրկան ճամփա ենք էկել, հայվաններն էլ խեղճ են. մի քիչ կորմ (կեր) կուտեն, մի քիչ էլ կդինջանան. հլե թե կուզես, մի քիչ էլ դու կդինջանաս, էնդուց եդը կլծենք կգնանք։