Այս էջը հաստատված է


Որովհետև երիտասարդը շտապելու ոչինչ չուներ, ուստի չհակառակվեց։ Պատվիրելով, որ պաշարի կապոցը տանեն կայարան (որից ինքը իբրև մասնավոր կառքով եկող, հեռու էր իջած), ինքն ևս յուր քայլերն ուղղեց դեպի այն մենավոր տունը՝ որ հովանավոր պատշգամ և շուրջը ծառերի ստվեր ունենալով, արևի այդ տաք ժամանակը դեպ իրեն էր քաշում խոնջ ուղևորին։

Կայարանի վերակացուն ձեռքը լրագիր առած կարդում էր, երբ Կամսարյանը մոտեցավ սանդուղներին:

— Կարելի՛՛ է մի քանի վայրկյան հանգստանալ այստեղ,— հարցրեց նա ռուսերեն։

— Ինչո՛՛ւ չէ, համեցեք,— պատասխանեց վերակացուն մաքուր հայերենով։

— Ա՛խ, ներողություն, դուք ուրեմն հա՛յ եք։

— Այո՛, պարոն, զտարյուն հայ,— պատասխանեց ժպտալով վերակացուն, որ միջահասակ, բարեդեմ և ըստ երևույթին, բարեխառն բնավորությամբ մի անձն էր։

— Օրվա այս ժամին որքան անհաճո է թաց ճանապարհը, նույնքան հաճելի է ձեր այս պատշգամը, ուր ոչ միայն հովանի, այլև հանգստանալու լավ բազմոց ունիք... Այս ասելով Կամսարյանը մոտեցավ վերակացուին և ոդջունելով նրան, նստեց մոտիկ դրված, կաշեծածկ ու հնատարազ բազմոցի ծայրին։

— Հրամանքդ երևի Դիլիջան եք դնում,— հարցրեց վերակացուն, մի կողմ դնելով լրագիրը։

— Կարծեմ ավելի հեռու։

— Ավելի հեռո*ւ։

— Թվում է թե' այո՛։

— Ինչպե՛՛ս թե թվում է, դուք չե՛՛ք որոշած թե ո՛ւր եք գնում։

— Համարյա թե՝ չեմ որոշած։

— Հասկանում եմ, ուրեմն ճանապարհորդում եք, առանց որոշ դիտավորության։

— ՉԷ, որոշ դիտավորություն ունիմ։

— Ներեցեք, որ հետաքրքրվում եմ,., եթե որոշ դիտավորություն ունիք, ուրեմն պետք է որ գիտենաք թե ո՛ւր և ինչի համար եք գնում։