Այս էջը հաստատված է


— Հենց բանն էլ այդ է, որ ինչի համար գնալս գիտեմ, բայց ո՛ւր գնալս չգիտեմ։

— Այդ հետաքրքրական է,— հարեց վերակացուն ծիծաղելով և բազմոցի մյուս ծայրին նստելով։

Այդ միջոցին տիրացու Մոսին բարձրացավ պատշգամբ, բերելով յուր հետ պաշարի կապոցը և խոր գլուխ տալով վերակացուին, կանգնեց Կամսարյանի առաջ։

— Օհո, տի՛րացու, դո՞ւ էլ այստեղ, այդ ո՞նց է պատահել,— հարցրեց վերակացուն։

— Հա, ես էլ ըստի եմ, շնորհակալ եմ, աղան բերավ։

— Դե որ եկել ես, ա՛յ էն սեղանը մոտ բեր,— հրամայեց վերակացուն։

Տիրացուն ցույց տված սեղանը մոտեցնելով բազմոցին, բերած պաշարը դրեց վրան ու հեռացավ։

Կամսարյանը բացավ կապոցը և ունեցածը շարելով սեղանի վրա, խնդրեց վերակացուին մասնակցել յուր «համեստ» ճաշին։

— Շնորհակալ եմ, արդեն ճաշել եմ,— առարկեց վերակացուն։

— Խնդրում եմ, որքան կարող եք. կամ գոնե մի բաժակ գինի...— այս ասելով, Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն, լցրեց գինով և դրեց վերակացուի առաջ։

Վերջինս, որ կայարանում ապրելով, սովորած էր անխտիր ամեն ուղևորի ճաշին ու ընթրիքին մասնակցելու, երկար չընդդիմացավ և, կամենալով, ինչպես ասում էր, յուր հյուրի ախորժակը բանալ, վայելեց մի կտոր բան և գինու բաժակն զգուշությամբ կիսելով, վերսկսեց ընդհատված խոսակցությունը։

— Հա՛, այն էի ասում, ձեր պատասխանն ինձ չափազանց հետաքրքրեց... այդ ինչպե՞ս է, որ դուք որոշ դիտավորությամբ գնում եք մի տեղ, բայց չգիտեք թե ո ՛ւր եք գնում։

— Իսկապես գիտեմ թե ուր եմ գնում, որովհետև գնում եմ մի որևէ հայ գյուղ, բայց թե ո՛ր գյուղ, ահա՛ այդ մեկը չգիտեմ։