Այս էջը հաստատված է

— Ներեցեք, խնդրում եմ, դարձյալ չեմ հասկանում։

Կամսարյանը ծիծաղեց և ապա սկսավ համառոտ կերպով բացատրել թե ի՛նչ է յուր դիտավորությունը։

Վերակացուն, որ նորեն ձեռքն էր առել բաժակը, որպեսզի գինու մնացորդը վայելե, երիտասարդի բացատրությունը լսելուց՝ իսկույն վայր դրեց այն և բազուկները դեպի վեր պարզելով՝ բացականչեց.

— Փա՛ռք քեզ, աստված, վերջապես գտնվեց մեկը, որ մեր տրտունջը լսեց...— ապա դառնալով Կամսարյանին, ավելացրեց.— դուք, ուրեմն միակ մեծ մարդն եք մինչև օրս իրենց ուսումն ավարտած հայ երիտասարդների մեջ։ Թույլ տվեք խմել ձեր պատվական կենացը։

Այս ասելով, նա լցրեց բաժակը և մի առանձին ոգևորությամբ պարպեց այն միանվագ։

Կամսարյանին դյուր եկավ վերակացուի գովասանքր, բայց կամենալով սրա ո՛վ լինելն իմանալ, որպեսզի ըստ այնմ որոշե յուր ստացած գովասանքի արժեքը, նա հարցրեց.

— Դո՛ւք էլ ուրեմն պատկանում եք ուսանողների դեմ տրտնջող հայերի թվին։

— Հապա՛։

— Չէի կարծիլ, որ այդ տրտունջը կարտահայտվի նաև այսպիսի մի ետ ընկած կայարանում։

Վերակացուի դեմքի վրա դառը ժպիտ խաղաց։

— Ինչո՛ւ չէիք կարծիլ, մի՛թե այսպիսի տեղերում ապրող հայ մարդը սիրտ ու զգացմունք չի ունենալ։

— Ո՛չ, այդ չէի ուզում ասել...— շփոթվեց Կամսարյանը։

— Հասկանում եմ, ուզում էիք ասել թե, այս ետ ընկած կայարանում, այս անմաքրությանը դեզերի կողքին, ձիաների ընկերության մեջ ապրող հայ մարդը ինչո՛ւ պետք է տեղյակ լենի մեր ցավերին այնքան, որ նույնիսկ տրտունջ հայտնե այդ ցավերին դարման տանել կարող, բայց չկամեցող երիտասարդների դեմ։

— Այո՛, համարյա այդ էի ուզում ասել։