— Շնորհակալ եմ. դուք ինձ քաջալերում եք. բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր եմ որոշում անել։
— Այդքանն էլ բավական է՝ գործի սկիզբը գործի կեսն է: Կամենալը կարենալ է։
Կամսարյանը, որ մեծ հաճությամբ էր լսում այս խոսքերը, հանկարծ պահանջ զգաց վերակացուի բաժակը նորեն լցնելու և պաշարի ընտիր մասերից մի քանի նոր կտոր նրա առաջը դնելու։
— Նեղություն մի՛ կրեք, ես շատ ուտողներից չեմ,— ասաց վերակացուն և, միևնույն ժամանակ, տապակած հավի մի չաղ կտոր աղ ու պղպեղով համեմելով' փաթաթեց լոշի մեջ, ախորժակով վայելեց, ապա լցված բաժակը մինչև վերջը դատարկելով, շարունակեց.— ճիշտն ասած՝ գեղեցիկ ու բախտավոր միտք եք հղացել, ապրիք, եղբա՛յր, ապրիք։ Այդ օրինակն, անշուշտ, շատերին կբերե ձեր հետևից... Բայց ասում եք, որ դեռ չեք որոշել թե' ո՛ր գյուղում պիտի հաստատվիք։
— Այո, չեմ որոշել։
— Բայց վատ միտք չէ այն, որ ասում եք թե' կկամենայիք իջնել առաջին պատահած գյուղում։
— Ճշմարի՛տ։
— Այո', ի՞նչ հարկ կա խտրություն դնել գյուղերի մեջ. դրանցից ամեն մեկում ապրում են մեր եղբայրներն ու քույրերը։ Ահա հենց բախտի բերմունքով ձեր ճանապարհի վրա գտնվող առաջին հայ գյուղը ամենից ավելի կարոտ է ձեր խնամքին։
— Ո՞րն է այգ գյուղը։
— Չիբուխլուն, մեր հին Ճապոտիկը։
— Այո՛, նրա մասին լսեցի ես տիրացուից։
— Պետք է տեսնեք, ե՛ղբայր, թե որքան բան կա այդպիսի մի խեղճ գյուղում անելու։ Հավատացած եմ, որ շատ պիտի հուզվիր ու վշտանաք տեսնելով այնտեղ ձեր ազգակիցների դրությունը և միևնույն Ժամանակ հիշելով անտարբերությունն այն մարդկանց, որոնք կարող էին օգնել գյուղացուն յուր վիճակը բարվոքելու, բայց չարին, որովհետև չկամեցան։