— Կարծում եմ, որ այդ ամենը պիտի ցավեցնե ինձ։
— Եվ, միևնույն ժամանակ, ոգևորե ու ստիպե գործել։
— Անշուշտ։
— Եվ երևակայեցեք թե՝ որպիսի քաղցր երանություն պիտի զգաք մի օր, երբ ձեր աչքով տեսնեք այն ամենը, ինչ որ արել եք, երբ տեսնեք ամային ձեր ձեռքով շենացած, ավերակը վերականգնած, խեղճությունը խնամված, տգիտությունն ու նրանից հառաջացող չարիքները գյուղից հալածական... երբ տեսնեք թե թշվառ մի ժողովրդի մատաղ սերունդը ուսուցել ու կրթել եք այնքան, որ նա այժմ կարողանում է սեփական աշխատությամբ յուր վիճակը բարվոքել, յուր ջանքն ու քրտինքը արդյունավոր գործադրել։
Այս եղանակով երկար խոսելով վերակացուն, այնպես էր քաջալերել ու ոգևորել Կամսարյանին, որ երբ Մոսին եկավ հայտնելու, թե կառքն արդեն լծված պատրաստ է, նա վեր թռավ տեղից իսկույն և, կարծես շտապելով, որ ժամ առաջ հասնե որոշված գյուղը և սկիզբ դնե յուր անունը փառավորող մեծ գործին, հարցրեց տիրացուին.
— Գիտե՛ս, բարեկամ, որ ձեր գյուղն եմ գալիս։
— Չէ, աղա գիտում չեմ,— պատասխանեց տիրացուն։
— Այո, գալիս եմ ձեր գյուղը և, գուցե այնտեղ էլ ապրեմ։
— Վա է՜,— զարմացավ տիրացուն։
— Ի՞նչ վա է՜, գյուղում ապրել չի՜ լինել,— մեջ մտավ վերակացուն։
— Խի՜ չի ըլիլ, հրեն աշխարհքի կեսը գեղումը չի ապրո՞ւմ, ամա դե, ասըմ եմ, աղան քաղաքի սովոր մարդ ա, զեղումը ո՜նց կարա ապրիլ։
— Կարող եմ, ինչո՜ւ շեմ կարող,— հաստատեց Կամսարյանը։
— Դե որ կարող ես, էն ա լավ կըլի էլի"... միայն ամոթ չըլի հարցնիլը, խի՞ ես ուզում գեղումն ապրիլ։