Այս էջը հաստատված է

— Նրա համար, որ կարողանա ձեզ օգնել, ձեզ բախտավորացնել,— բացատրեց վերակացուն։

Տիրացուն թեպետ այս բացատրությունից էլ բան չհասկացավ, բայց կամենալով մի քաղաքավարի խոսք ասել, «բարով ա գալի, հազար բարով, աստված թող սրտի խորհուրդը կատարի» ասաց ու հեռացավ։

— Խե՜ղճ մարդիկ... չեն ուզում հավատալ թե կգտնվին աշխարհում անձինք, որոնք երբևիցե կհետաքրքրվին իրենց կյանքի դառնություններով և կկամենան օգնել իրենց առանց շահախնդրության,— ասաց Կամսարյանը գրեթե հուզված։

— Եվ իրավունք ունին, որովհետև կեղեքիչներից ու վաշխառուներից զատ, դեռ մինչև այսօր շեն տեսել ոչ ոքի իրենցով հետաքրքրվելիս․— նկատեց վերակացուն։

— Որ այդպես է, մենք կփոխենք դրանց համոզումը և կստիպենք հավատալ, որ չարերից զատ, կան աշխարհում կարեկից մարդիկ։

— Գնացե՛ք և համոզեցեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը,— ասաց վերակացուն և սեղմելով երիտասարդի ձեռքը, ճանապարհ դրավ նրան մինչև կառքը։

Մի քանի վայրկենից Օվանեսի ձիերը թռցնում էին Կամսարյանին դեպի Դիլիջանի բարձրությունները։

Ը

Արևը մայր մտնելու մոտ' մեր ուղևորները հասան ամառանոցի հռչակ վայելող Դիլիջան ավանը։

Այստեղ Կամսարյանը, Օվանեսի ցուցմունքով, հյուրանոցի անուն կրող մի տան մեջ գիշերային հանգստարան գտնելուց հետո, ելավ փոքրիկ ավանը դիտելու։ Փոշոտ խճուղու աջ ու ձախ կողմերում կառուցած երկու կարգ քարաշեն տները, որոնք ավանի ամբողջությունն էին կազմում և որոնց մեջ ապրում էին ամառանոց եկողները, հաճելի տպավորություն չարին Կամսարյանի վրա։ Նա իսկույն հիշեց Բորժոմը յուր գեղեցիկ վիլլաներով, մաքուր փողոցներով, ընդարձակ պարկերով, ջրերի առատությամբ և առավել ևս բնակիչների փայլուն արտաքինով ու գրավիչ նիստ ու կացով և եկավ այն համոզման, որ Դիլիջանը միայն հասարակ մահկանացուների համար կարող է ամառանոց համարվիլ։