Այս էջը հաստատված է

Բայց երբ խճուղին երկուստեք փակող շինություններից հեռանալով, բարձրացավ դեպի ավանի ձախակողմը, նրա առաջ բացվեցավ մի գեղանկար հորիզոն, որ ամփոփում էր յուր մեջ Աղստևի ձորահովիտը՝ յուր կարկաչահոս գետակով, դալար արոտներով, ոսկեփայլ արտերով, իսկ մի փոքր հեռվում, խաղաղանիստ գյուղի միաշար տնակներով և նրանց առջև կարգով տարածվող կանաչազարդ բանջարանոցներով։ Յուր կանգ առած տեղից քիչ հեռու սկսվում էր եղևնիների խիտ անտառ, որ գնալով տարածվում էր դեպի հեռավոր լեռների կատարները, որոնց այդ վայրկենին ոսկեզօծել էին արևի վերջին շողերը։ Ձորահովիտը եզերող դիմացի բլուրներից, որոնց հետևը շուտով պիտի թաքչեր արևը, փչում էր ախորժ զեփյուռ բերելով յուր հետ կենարար մի զով, տոգորված լեռնային օդի, դալարի և ծաղիկների անուշ բուրմունքով։

Կամսարյանը սկսավ լիքը կրեքով շնչել լեռնային թարմ օդը և ինքն իրեն խոստովանել, որ փոքր առաջ արած յուր համեմատությամբ մեծ սխալ է գործել Բորժոմը գերադասելով Դիլիջանից։ Որովհետև նա այժմ տեսնում էր, որ եթե առաջինում արհեստականն է փարթամ, վերջինում, ընդհակառակն, գերազանց է բնականը։ Եվ այդ կարծիքի վրա նա հաստատվեց ավելի, երբ լեռնալանջից իջնելով, մտավ նորեն ավանը և փոստային կայարանի առաջ բխող հորդ ու սառն աղբյուրից յուր ծարավը հագեցրեց։ Այսպիսի անույշ ու բարեհամ ջուր Բորժոմն, իհարկե, չէր տեսած յուր օրում, ինչպես և նրա նեղ, կարծես պատնիշափակ, ցերեկը տոթով, իսկ գիշերը խոնավությամբ լի խորաձորը չէր շնչել երբեք այն թեթև ու անուշ սղոխն ու հովերը, որոնք գիշեր ու ցերեկ գուրգուրում էին Դիլիի առույգ լեռնալանջնրը։

Բայց արի' տե՛ս որ հենց այս անմահական աղբյուրից քիչ հեռու, փոստային կայարանի և մասնավոր տների դեպի ձորահովիտը հանող բակերում, բլուրի պես դիզված էին տարիների ընթացքում հավաքված աղբն ու անմաքրությունը, որոնց գարշահոտությունը ապականում էր ամառանոցի շրջակա օդը, և դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։