Այս էջը հաստատված է


ՊԱՊԱՔ։— Անհոգ եղիր. նախապատրաստ Է այնքան, որ կարող է լսել:

ՀԱՄՏՈՒՆ.— Քո հնարագիտությունը, Պապաք իշխան, հիացնում է ինձ։
ՊԱՊԱՔ.— Աստծո տված շնորհից պետք է միշտ օգտվել:
ՀԱՄՏՈՒՆ. — Շնորհակալ եմ, բարեկամ։ Հենց ա՛յն միջոցին, որ հուսահատությունը ճնշում է իմ հոգին, դու նրան կազդուրում ես նորից։ Եթե քո ջանքերը հաջողությամբ իսկ չպսակվին, այսուամենայնիվ, ես միշտ երախտապարտ պիտի մնամ քեզ։
ՊԱՊԱՔ.— Բարեկամական պարտքիցս ավելի ոչինչ չեմ արել։


ՏԵՍԻԼ ԺԱ
Առաջիններն և Ասպրամ


ԱՍՊՐԱՄ.— (մտնելով` հայտնում է Պապաքին իբր զգուշնալով) Իշխան, պատրաստվեցեք, մայր Թենին և Ռուզանը գալիս են այստեղ։
ՊԱՊԱՔ.— Հա՞, շատ բարի, ուրեմն ես կդիմավորեմ օրիորդին, իսկ դու մտածիր թե` ի՞նչ պիտի խոսիս հետը։ Իմ կարծիքով ազատ ու անկեղծ խոսիլը ավելի լավ է։
ՀԱՄՏՈՒՆ.— Գնա՛, դիմավորի'ր. խոսելու համար կարիք չունիմ պատրաստվելու։
ՊԱՊԱՔ.— Բարի, (Դարս է գնամ):


ՏԵՍԻԼ ԺԲ
Համատուն (միայնակ)


Բախտը, ուրեմն, դեռ երեսը չէ դարձրել ինձանից, դեռ կարելի է հուսալ: Նախազգացումը, կարծես, շշնջում է իմ ականջի թե` նա իմը պիտի լինի։ Օ, եթե այդ ճիշտ լիներ, եթե նա կարողանար ինձ սիրել, ինձ մտերմանալ և յուր սիրտն ու բախտը իմ ձեռքը հանձնել...