Բարձրից նայողը տեսնում էր միայն նրանց կատարները, որոնց կանաչը վառվել էր արևից երփներանգ գույներով։ Այդ վառվող մակերևույթը նմանում էր նույն վայրկենին լայնածավալ մի ծովակի, որի հեղհեղուկ ալիքները փոխարինում էին ծառերի՝ հովից շարժվող կատարները։ Այդ տեսարանը այնքան էր սիրուն ու գրավիչ, որ Կամսարյանը տեղը փոխելով, նստեց դիմացի նստարանի վրա, որպեսզի կարողանա ավելի դյուրությամբ նայիլ ու զմայլվիլ գեղեցիկ հեռանկարով։
Չնայելով որ խճուղին սարի լանջովն էր բարձրանում, այսուամենայնիվ, ծառերը հովանավորում էին նրան։ Մեծ մասամբ նա անցնում էր բնական ծառուղիների միջով, որոնց երբեմն, փոխարինում էին նաև ժայռերի շարքեր։ Իսկ դրանց, յուր հերթում, հովանավորում էին դարձյալ հինավուրց ծառեր, որոնք բուսած լինելով ժայռերի վերևում, այդտեղից իրենց սաղարթախիտ ոստերը ձգում, տարածում էին ճանապարհի վրա, որը հաճախ անցնում էր և սիզավետ բարձունքներով, ուսկից տեսարանները բացվում էին ավելի շքեղ ու ընդարձակ։ Այսպիսի դիրքերից երևում էին Մեյդան լեռան անտառապատ լանջերը և նրա մերկ, ծառազուրկ կատարը, որ, սակայն, պատած էր բաց կանաչ թավիշով։ Նրան հետևում էին ուրիշ շատ լեռներ, որոնք գագաթների բարձրությամբ մեկը մյուսին գերազանցելով, հորիզոնը դարձնում էին վսեմ ու փառահեղ։
— Հրեն Սիսիանա սարերը,— բացականչեց հանկարծ տիրացուն, չժուժալով, կարծես, որ ուսումնական մարդը այդ վեհափառ տեսարանների առաջից անցնում էր լուռ ու մունջ:
— Որո՞նք են,— հարցրեց Կամսարյանը, նստելով նախկին տեղը։
— Հրեն, ա՜յ, էն որ կատարնին մշուշակալած՝ լեի թե (կարծես) լաղ են անում (ծաղրում են) մնացած սարերի վրա, տեսնում չե՜ս։