Այս էջը հաստատված է

— Հապա քո աշակերտները ոչինչ չե՞ն հարցնում քեզ երկրի, ծովերի կամ այլ այդ տեսակ բաների մասին։

— Պատահում ա, որ հարցնում են։

— Էհ, դու ի՞նչ ես պատասխանում։

— Ինչ որ մանում եմ։

— Իսկ դու բան չես իմանում։

— Դե չիմացած վախտն էլ տողաշարով (քանոնով) գլխին տալիս եմ հու ասում. «ձենդ կտրի, դասդ սովորի, էդ քու ի՞նչ մանալու բանն ա, որ հարցնում ես». էն ա խեղճն էլ գլուխը քաշ ա գցում, գիրը կարդում։

— Այ, քու հերը լիս դառնա, ասիլ վարժապետը դու ես, որ կաս,— նկատեց Օվանեսը ծիծաղելով։

Բայց այս անգամ արդեն Կամսարյանը չծիծաղեց, նա սկսավ մտածել լսածների մասին և տեսավ, որ դրանք շատ ցավալի են։ Այս առթիվ գուցե նա մինչև անգամ տխրեր, եթե մի փոքր ավելի խորասուզվեր յուր մտածմունքների մեջ, եթե խորհեր այն մասին, թե ի՞նչ թշվառ դրության մեջ պիտի գտնվի մի ժողովուրդ, որի առաջավոր մարդը — տիրացուն, կամ վարժապետը խարխափում է այս աստիճան տգիտության մեջ։ Բայց տեսարանների հանկարծական փոփոխությունը նորեն գրավեց նրա ուշադրությունը։ Օվանեսի կառքը քերում էր այժմ Մայմեխի կատարը և հին Գուգարաց սահմանն անցնելով, մտնում Սյունյաց գավառամասը։ Այստեղ արդեն հետզհետե նվազում Էին անտառները և սպառում մացառուտը, իսկ դրանց փոխարինում են սիզավետ լեռնադաշտեր և գեղեցիկ մարմանդներ, ուր խոտը գունավորված երփներանգ ծաղիկներով, ծածանում էր կանգնաչափ բարձրությամբ։ Լեռնային հովերը խաղում Էին այդ դալարազվարճ մարգերում քաղցր ու մեղմաշունչ, իսկ արևի շողերը ոսկեզօծում կանաչը, ոչ թե նրանց ջերմացնելու, այլ փայլեցնելու չափով։ Երիտասարդը յուր օրում չէր տեսած այդպիսի ճոխ ծաղիկ ու կանաչ։