Այս էջը հաստատված է

Տներից քիչ հեռու ձգվում էին բանջարանոցներ, կաղամբի և գետնախնձորի ցանքեր ու արևածաղկ ընդարձակ ածուներ։ Ավելի հեռուն տարածվում էին գյուղացիների հարուստ արտերը։ Ավանի բնակիչները շրջապատող բնության նման ուրախ, զվարթ և կենդանությամբ լի մարդիկ երևացին։ Կամսարյանը սիրով պատասխանեց նրանցից մի քանիսի քաղաքավարի ողջույնին և սիրով էլ կխոսեր նրանց հետ, եթե Օվանեսն յուր ձիերի շնորհքը մալականներին ցույց տալու նպատակով, չթռցներ նրանց գյուղի միջով, ինչպես արագաթև թռչունների։

Եվ որովհետև Պետրոսը փափագում էր Սևանը վայրկյան աոաջ տեսնել, ուստի Օվանեսի եռանդը չուզեց չափավորել: Նա գոհ եղավ Սեմյոնովկայի վրա մի վերջին հայացք ձգելով և ինքնիրեն մտածելով՝ «Եթե սա է գյուղ կոչվածը, ապա ուրեմն, կարելի է թե′ ապրել և թե′ գործել սրա մեջ»։

Սեմյոնովկայից ճանապարհը սկսում էր փոքր ինչ ցածրանալ, իսկ բնության շքեղությունները նվազում էին։ Մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո, երևացին Չիբուխլուի աղքատիկ ցանքերը' հարուստ սևահողի վրա։ Կամսարյանը հենց նոր սկսել էր դիտել նրանց և զարմանալ այս տարօրինակ հակադրության վրա, երբ մի նոր ու շքեղ տեսարան գրավեց նրա ուշադրությունը։ Նրա աչքերի առաջ բացվեցավ հանկարծ մի բաց-կապուտակ դաշտ, որին նա սկզբում հորիզոնը փակող մշուշ կարծեց։ Սակայն տիրացուի «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց նրան։ Նա, ուրեմն, հասել էր Հայաստանի բնության հրաշալիքներից մինին— պատմական Գեղամա ծովակին։ Եվ եթե սկզբում չկարողացավ գուշակել, թե յուր տեսածը, իրոք, Սևանն է, նա իրավունք ուներ, որվհետև հեշտ չէր հավատալ, թե լեռների այդ բարձրության վրա կարող է գտնվիլ այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ, ծովակ անուն են տվել։ Իրավ է, Պետրոսը աշխարհագրությունից գիտեր, որ Անդյան լեռները, Ալպյան ու Զվիցերական բարձրավանդակները շատ այդպիսի գեղեցկություններ ունին, այսուամենայնիվ, նման շքեղություն յուր հայրենիքին հատկացնելը չափազանցություն կհամարեր: