Այս էջը հաստատված է

Մի քիչ դենն էլ Բալըղչայն ա։ Ծովն էլ հու ամեն օր աոաջին ա։ Մի խոսքով լավ գեղ ա. տեսնելու բաներ շատ ունի, հրեդ ման գաս կտեսնես։

Կամսարյանը լսում էր տիրացուին և աչքերը մեքենաբար դարձնում դեսուդեն, առանց, սակայն, ուշադրություն դարձնելու նրա ցույց տված տեղերի վրա: Որովհետև այդ վայրկենին նրան զբաղեցնում էր այն միտքը թե՝ եթե, իրավ, սա է հայ գյուղացու բնակավայրը, ապա հազիվ թե հնար լինի իրեն ապրել այդպիսի տեղ ու գործել։ Եվ սակայն, չնայելով այդ կանխահաս վստահության, նա որոշեց մտնել այդ «գյուղ» կոչված ավերանոցը, գոնե որոշ չափով նրան ճանաչելու և ուսումնասիրելու համար:

Տիրացուի խորհրդով և Կամսարյանի համաձայնությամբ, Օվանեսը կառքը քշեց դեպի տանուտերի տունը։ Գյուղի շները, որոնք սովոր էին լռությամբ նայելու խճուղին անցնող ճանապարհորդներին, մեծ աղաղակ բարձրացրին գյուղը մտնել համարձակող կառքի և ձիերի դեմ, համարելով այդ անսովոր մի բան: Տիրացու Մոսին, իբրև ծանոթ անձն, յուր սաստող հրամաններն արձակեց շների դեմ, մի քանիսին, մինչև անգամ, հականե հանվանե կանչելով։ Աղմկարարները կամաց-կամաց ցրվեցան և կառքը կանգ աոավ տանուտերի տան առաջ։

Թ

—Աղջի, քյոխվեն տա՞նն ա,— հեղինակավոր ձայնով հարցրեց Մոսին՝ տարօրինակ հագուստներով և գլուխը փաթաթած միջահասակ մի կնոջ, որ կանգնած էր բակում:

Վերջինս առանց ձայն հանելու ձեռքով հովանի արավ աչքերին, իբրև թե դեմքը ծածկել ուզելով, ապա երեսը մի կողմը ծռած, շարժեց գլուխը բացասական կերպով, որ կնշանակեր թե տանը չէ։

— Բա ո՞ւր ա։