— Ընդուր, որ խայն հմմեն բանի մեջ անշնորք ա։
— Ուրեմն, հայոց գյուղերն ամեն տեղ էլ նման են ձերինին։
— Խա, էդենց ա։
— Ամեն տեղ էլ այսպես չո՞ր, ցամա՞ք, ծուռումուռ փողոցներո՞վ, հողե տնակներո՞վ, կեղտոտ բակերո՞վ։
— Խա, հրամել եք։
— Եվ չի գտնվիլ հայ գյուղ, որ ծառազարդ լինի, ուղիղ փողոցներ, սիրուն տներ, այգիներ, ծաղկանոցներ և այլ այս տեսակ բաներ ունենա՞։
— Ի՞նչ ասեմ, կըլնի որ պատայի խարիրի (հարյուրի) մեջ մե խատ, համա էն էլ հրամանքիդ ասածի նման չըլնի. ծուռումուռ բաներ շատ կըլնի։ Ի՞նչ ասեմ, կպատայի, որ ըլնին էլի նենց գեղեր, որ բակերի մեջ մի քանի խատ ծառ ըլնի, յա բոստան, յա մե պստիկ բախչա, համա տներն ու քուչեքն ինենց կըլնի՝ իմալ մերն ա։ Ես շատ տեղեր եմ հելե, շատ խայի գեղեր եմ տեսե, մերնից փսերն (վատերը) էլ շատ կան։
Այս տեղեկությունները կարծես դյուր էին գալիս Կամսարյանին, որովհետև նա նրանց մեջ տեսնում էր հաստատությունն յուր այն կարծիքի, թե անհնար է գյուղում ապրել ու գործել, ուստի շարունակեց հարցուփորձը։
— Այսուամենայնիվ, տանուտեր, դու գուցե կարողանաս ավելի ճիշտ պատճառն ասել, թե ինչո՞ւ մալականի գյուղը գեղեցիկ և մաքուր է լինում, իսկ հայինը տգեղ ու կեղտոտ։ Անկարելի է, որ դրա պատճառը հայի անշնորհքությունը լինի. մի՞թե բոլոր գյուղերումն էլ հայերն անշնորհք են։
Տանուտերը մի վայրկյան մնաց լուռ և չգիտեր ի՚նչ պատասխանել։ Հետո կարծես նոր գյուտ անելով, բացականչեց.
— Ախպեր, խայի գեղն կեղտոտ չըլնի, իմա՞լ ըլնի, խայի գեղցու ցավը, դարդը մե չէ, երկու չէ, որ թորգի (թողնե) ու հիստակութենի ցավը քաշի։ Ախար նա իսկի անշնորք էլ չէ, թեկուզ էդ անունը տվի քեզ հառաջ։ Նա մալակնից էլ ա շնորհքով, իրա մեկել դրկեցից էլ։ Խայի գեղցու ցավն էն ա, որ մեջը մարդ չըկա, մեջքին դայաղ (նեցուկ) տվող չըկա. ինչ որ աթադան, բաբադան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց էլ անում ա, ինենց էլ ապրում ա։