Տան հետևի պատն ամբողջապես, իսկ աջ ու ձախ կողմերինը կիսով չափ կտրված էին հողից և այն՝ այնչափ տգեղ ձևով, որ շատ տեղերում երևում էին սակրի կամ բրի քաշած ակոսները։ Իսկ առջևի պատը և աջ ու ձախ կողմերինը մասամբ՝ շինված էին կրաշաղախի և գետաքարերի անարվեստ զանգվածով։ Ինչպես տան չորս պատերը, նույնպես և առաստաղն ու նրան բռնող փայտե չորս սյուները ծուխից սևացած էին ա՚յն աստիճան, որ շատ տեղ փայլում էին լույսի առաջ։ Առաստաղի ավելի մութ խորշերը առատորեն բռնված էին սարդի ոստայններով, որ ապացուցանում էր, թե այդ տան մեջ չկար չար ձեռք, որ վրդովեր այդտեղ ապրող միջատների խաղաղությունը։
Տան մեջ եղած կարասիներն էին՝ մի փայտե ծխահար ամբար, որի մեջ ալյուր էր պահվում, մի մեծ, կավածեփ կթոց, որ ցորենի պահարանն էր, մի փայտյա խարխուլ և լայն մահճակալ, որ ծառայում էր իբրև դարակ թե տան մեջ գտնվող արկղիկների և թե՛ հնամաշ կողինքի ու օթոցների համար։ Պատերից մեկի տակ գտնվում էին երկու հողե կուժեր, մի քանի սևացած պտուկներ, մի փոքր և մի մեծ տաշտակ և երկու փայտյա խաներ։ Իսկ դրանը հանդեպ գտնվող պատի տակ, որ ըստ երևույթին, պատվավոր կողմն էր, շինված էր մի հողե բարձրություն՝ թախտի ձևով, չորս կողմից կավածեփ և ծածկված հնամաշ կապերտով։ Տան հատակը հողից էր, տեղ-տեղ փոս և ցեխոտ լինելու չափ թաց։ Հենց այդ հատակի վրա, ուղղակի երդիկի տակ գտնվում էր կրակարանը, ուր այդ միջոցին վառված աթարի վրա դրված էին մի հողե պտուկ և մի պղնձե կաթսա, երկուսն էլ այնպես սև ու մրապատ, որ կարծես ածուխից էին շինված։ Ի՛նչ էին եփվում այդ սևակոլոլ ամաններում, հայտնի չէր, միայն թե Կամսարյանը նայելով նրանց վրա, զգաց մի խոր զզվանք և դրա հետ էլ երկյուղ թե՝ մի գուցե նրանց մեջ պատրաստված կերակուրով հյուրասիրեն իրեն: