Այս էջը հաստատված է

Անտառի պահպանության վերաբերմամբ որևէ մեկի կողմից անկարգություն տեսած ժամանակ, նա կարող է այդ մասին հայտնել վերակացուին կամ անտառապետին, բայց յուր ձեռքով դատաստան անել նա բնավ իրավունք չունի։

— Կըլնի էդ հմմեն դրուստ ես ասում, ես էլ գինամ օրենքի մեջ անարդար բան չի ըլնի, համա մեզնից ո՞ր մեկս ա օրենք խասկնում, յա թե չէ էն ղադը մեշեն մեր ձենը ո՞վ ա հիմանում, մեր գանգատն ո՞վ ա լսում։ Բան ա, թե հուջաթ ենք անում (հակառակում), յա ահ տալում թե՝ կեթանք մեջաբեկին գանգատ, էն իր դոշի կպած զատը նշանց ա տալում ու ասում.— «էս զնակը տենո՞ւմ ես, էս հմմեն մարդու չեն տալում, ինձի որ տվել են, ընդուր խամարա, որ ի′մալ ուզենամ՝ էստով անիմ, թեկուզ սաղ աշխարհը քանդեմ, ո՞րը կարանա առաջս կանգնել»։ Հիմի աղա′, ես որ հառեջ ասեցի, որ մեր մեջ մարդ չունինք, մեջքներիս դայաղ տվող չունինք, դու ինձի մեղ իր դնում. համա տեսնում ես, որ քե նման մե խատ գրի սև ու սիպտակը ճանաչող, դիվան դատաստան խասկցող մեր մեջ նստած հլներ ու ինձի ասեր, օրենքի մեջ դրած ա,՛ որ դու քո չորս մանեթով կարաս քառսուն խատ գուզ ծառը կտրել, թե աբեզչիկը իրավունք չունի քե զարկելու, պրատակոլ շինելու, յա նաբախտ դնելու, ես էլ էն վախտ ասլան կդառնայի, մե աբեզչիկը չէ, թեկուզ տասն էլ, վրես գային, հմմենի ջուղաբը (պատասխանը) կտայի։ Ա՛յ էն վախտ իմ հառիքի վրա դուզը ձողեր կըլնեն, հմմենն էլ մոտիկ֊մոտիկ շարած, ղայիմացրած, խողն էլ վերևից չէր թափվի, ես էլ պատվական ղոնախի կուշտ սև էրես չէի մնա։

Կասմարյանը լսեց այս ամենը ուշադրությամբ և այլևս դիտողություն չարավ։

Ժ

Վերջապես տան տիրուհու ճաշը պատրաստ էր։ Նա շտապեց սեղան բանալ: Մուգ կապտագույն մի սփռոց, որ բավական մաքուր էր, բայց որն յուր գույնի ու հնության պատճառով կեղտոտ երևաց հյուրին, նա փռեց տախտակի վրա և վրան դարսեց սպիտակ ու փափուկ լոշեր։