Մոսին ասեց մի լավ ղոնաղ եմ բերել տանուտերի հմար՝ թիֆլիզեցի ա։ Ասիմ, գնամ տեսնեմ ո՞վ ա, կըլի որ իմ բարեկամներից ըլի, չուն ես էլ Թիֆլիզում լավ ծանոթներ ունեմ։
Կամսարյանն յուր ով լինիլը հայտնեց քահանային։
— «Կամսարյա՞ն». էդ ի՛նչ լավ անուն ա. կըլի որ հին ազգից ըլեք, չուն հայոց պատմութենումը ընդենց մի անուն աչքովս ա ընկել։
— Երևի Կամսարակա՞ն։
— Հա, էդ ա, Կամսարական։ Դու ընդո՞նցից ես։
— Ոչ, ինքս էլ չգիտեմ, թե ովքեր են իմ պապերը:
— Բա էդ ո՞նց կըլի։
— Իդա վերջ կխարցնես, հլա նստի՛, խաց կե,— նկատեց տանուտերը։
— Նստել պտեմ, բա ո՞նց տեմ անիլ. հազարանց մեկ մեր գեղը ըսենց պատվական հյուր ա եկել, ո՛նց կըլի, որ մոտը չնստեմ, զրից չանեմ։ Ամա դե ես հաց եմ կերել, դուք ինձ մտիկ չըտաք. անուշ արեք։ Այս ասելով՝ քահանան յուր շալե փարաջի փեչերն ամփոփելով ծալապատիկ նստեց թախտի վրա։
— Զարար (վնաս) չըկա, մեզ խետ էլ կուտես,— ասաց տանուտերը և օղիի բաժակը լցնելով, առաջարկեց քահանային։
— Բա՛, արաղ է՞լ ես տալի. էդ հո իշտահս (ախորժակ) մեկ էլ նորանց բաց կանի. էնչախը ո՛նց կանենք,— ասաց քահանան ծիծաղելով։
— Իմա՞լ պիտի անենք, ինչ որ աստված տվե, հմմեն հառեջդ դնենք կուտես։
— Հալբաթ որ ըդենց ա. «եղիջիր դու զորավոր ուտել զբարութխնս երկրի», ասել ա մարգարեն. կուտենք, բա ի՞նչ կանենք,— սրախոսեց քահանան։ Ապա առնելով բաժակը, օրհնեց հյուրին, տանուտերին և բարեմաղթելով, որ վերջինի սեղանը լինի միշտ բաց ու առատ, դատարկեց օղին մի ումպով։