Այս էջը հաստատված է


Էն ա լուսահոգին կանչեք փոքրավորին, ասեց, «ադա՛, գնա իմ դուլաբումը (պաահարան) պստի կուլի (դորակ) մեջ գինի կա, բեր»։ Փտքրավորը վազ տվավ, բերավ։ էդ աղբաթըխեր գինին գլխիս քաշեցի թե չէ, մին էլ տենամ, ինչ որ կերել չի՞, քշեց տարավ, ընենց որ ասես ըսկի բան չեմ կերել։ Ասի' Սոլոմոն սարկավագ, էս էրկուսն էլ ուտիլու եմ, համա սրանե բան չի լիլ. մի իրեքն էլ խաշիլ տու բեր։ Տենեմ սարկավագիս ռանգ ըռուշը գնաց։

— Էդ հլա կեր, խաշիլը հեշտ ա, ասավ։

Էն ա ես նոր մեկելանց կցեցի ուտիլը։ Տասը մնուտ չըքաշեց, քու արևը, էրկու իշխանն էլ մաքրազարդեցի, ինչկլի գլխների ղողերն էլ (ուղեղն) թամուզ ծծեցի, կուլի մնացած գինին էլ վրան քամեցի ու եդ նստա։

— Ապրես, տեր-Վանի, ապրես, կերածդ քե հալալ,— ասեց վանահայրը։ Մնացած վարդապետնին էլ գուվեցին ինձ. ամա դե Սոլոմոնի սրտին որ դանակ խփիր, արյուն չէր դուրս գալ, մին ընդյուր հմար, որ մարջը տանուլ էր տվել, մին էլ ընդյուր, որ ինքը վանքի տնտեսն էր, նըհախ (իզուր) տեղը հինգ իշխան էր կորցրել, էդ ո՞նց պտեր մոռանալ։ Ա՛յ, էդ օրվանից դեսն ա, դիփ իմ հունարը ճանաչում են։

Կամսարյանը, որ քիչ առաջ լսում էր քահանային հետաքրքրությամբ, հուսալով թե նրա զրույցից կարող է քաղել «պիտանի» տեղեկություններ, այժմ արդեն ձանձրացավ, տեսնելով որ նա այդքան երկար խոսում է միայն շատ ուտելու վրա, կամ գովում է յուր որկրամոլությունը այնպիսի պարծանքով, ինչպես մի ուրիշը կգովեր յուր քաջությունը, կամ մեծ գործերը։ Այդ հանգամանքը նույնիսկ շարժեց երիտասարդի դժգոհությունը, այն պատճառով, որ նրան առաջ բացավ դարձյալ գյուղացու ցավերից մինը և հիշեցրեց նրան թե' որքա՞ն անհրաժեշտ էր իրեն' հավատարեմ մնալ յուր ուխտին։ Ուստի նա կտրուկ և մի քիշ էլ կոշտ ձայնով հարցրեց.

— Տեր-Հայր, դուք ուտելուց զատ ուրիշ բանի մասին չե՞ք կարող խոսել։

Քահանան հասկացավ տրված հարցի ոչ-հարգական նշանակությունը և լուրջ կերպարանք առնելով, պատասխանեց․