Այս էջը հաստատված է

էնու գյորա (ըստ այնմ) էլ աստոծ պահած, բոլ թոռներ, տղա ու աղջիկ։ Նրանց կեսը հունձ ու կալով ա ըլած (զբաղված) կեսն էլ հրեն շար են ընկել վեստանի ռաջին, կարպետը գործում են։ Մին էրկու ամսից եդը պատրաստ ա ըլելու, հարիր մանեթն էլ ականջիցը կախ:

Կամսարյանը հետաքրքրվեց գորգի գործով և հարցրեց, թե՞ արդյոք չի կարելի մոտ գնալ ու նայել։

— Բա խի՞ չի կարելի, գնանք,— ասաց ուստա Պետին և առաջ անցավ։

Տան սրահին մոտենալուց, ոստայնի առաջ նստող հարսներն ու աղջիկները ոտի կանգնեցին. նրանցից առաջինները երեսները սքողեցին, մինչդեռ վերջինները հետաքրքիր աչքերով նայում էին եկողներին։ Գորգի գործին նայելուց առաջ, Կամսարյանի ուշադրությունը գրավեցին կանանց տարօրինակ հագուստները, որոնք, իրենց տեսակում, ներկայացնում էին տգեղության մի ուրույն տիպար։ Նրանք, իսկապես, որոշ ձև չունեին, այլ կազմում էին զանազան տարազների աններդաշնակ մի խառնուրդ։ Կանանց գլուխներն, օրինակ, կապված էին վիրականի նմանությամբ, մինչդեռ բերանները ծածկված էին քնթակալով, արցախեցվոց պես։ Հագուստնին էլ կարճ դերիա, որի տակից մոտ երկու թիզ երկարությամբ երևում էր, նուխեցի կանանց հատուկ, կարմիր ու լայն վարտիք. դերիայի վրայից կապած ունեին գոգնոց, իսկ նրա վրայից հագած թաթար կանանց բաճկոնակ։ Այդպիսով այդ հագուստը, որ մեծ մասամբ հին էր և պատառոտուն, ստանում էր մի տգեղ ձև, որ ավելի ևս տգեղացնում էր կանանց կազմվածքը, որն առանց այն էլ հեռի էր գրավչությունից։ Նրանց մեջքերնին հաստ էր ու տափակ, փորերնին դեպի կուրծքը բարձրացած, դեմքերնին տգեղ, բերաննին մեծ, իսկ մորթերնին արևահար։ Կանանց ձևով հագած էին և աղջիկները, միայն այն զանազանությամբ, որ սրանց երեսները բաց էին և միայն գլուխները ծածկված հասարակ չթե աղլուխով։

Մինչդեռ Կամսարյանը զննում էր կանանց տգեղ արտաքինը և հիշում Աբովյանի «Վերք»-ում կարդացած նկարագիրը հայ գեղջկուհու մասին, ուստա Պետին մոտեցավ ոստայնին բացատրություններ տվավ նրա կազմության, թելերը հինելու, գորգը գործելու և այն կտրելու, կամ ոստայնի վրայից հանելու մասին։