— Էլ խի՞ ա գարշահոտ. դու որ սվոր չես, քե դհե ա թվում. ամա մեզ հմար ամոթ չըլի ասիլը, հլա մի քիչ էլ անուշահոտ ա,— ասաց քահանան ու ծիծաղեց։
Կամսարյանի դեմքին խաղաց մի ժպիտ, որ արտահայտում էր խոր արհամարհանք։ Տեր-հայրը, սակայն, չըմբռնեց այդ ժպիտի նշանակությունը. մինչդեռ ուստա Պետին չկարողացավ լռել.
— Աղա՛, մեզ վրա տենում եմ, ծիծաղում ես. դե որ դհե ա, մի ասա՛ տենեմ ո՞նց անենք· մեր հացն ընչո՞վ թխենք, կերակուրն ընչո՞վ էփենք, յա տունը ընչո՞վ տաքացնենք։
— Ինչո՞վ է եփում կամ տաքացնում մալականը։
— Փետով։
— Դուք էլ փայտ վառեցեք։
— Բա որ փետ չունե՞նք։
— Ինչո՞ւ նա ունի։
— Մեշան նրանցից մոտ ա, մեզանից հեռու. համ էլ նրանք հարուստ են, մենք աղքատ։ Էն փողը որ պտի տանք փետի, տալիս ենք մի ուրիշ պակասութենի. օրինակ, մի ձի ենք առնում, որ մեզ հմար բան անի, յա կով ենք ձեռ բիրում, որ նրա կաթով րեխանցը պահենք․ յա չէ շորի, փալասի ենք տալի, որ մեր տանեցոց տկլորութինը ծածկենք. պակասութին շա՜տ, ես ո՞ր մինն ասեմ։ Էս տավարի թրիքն էլ, որ ուրիշ գեղերում տան ըռաջին կիտում են, շենը հուտացնում, մենք փետ ենք շինում, էրում, ըսենց ղեյրաթ (խնայողություն) անելին, յա նամուս պհելին խի՞ չես հվանում։
— Դա ոչ ղեյրաթ անել է և ոչ նամուս պահել, այլ ուղղակի ծուլություն։ Օգտվում եք այն բանից, ինչ որ ունիք, ինչ որ պատրաստ կա, թեկուզ այդ պատրաստը լինի` կեղտ կամ ապականություն։
— Ուրեմն, քու ասիլով մենք ծյուլ մարդիկ ենք, էլի՞:
— Հա, ծույլ եք, ծույլ որ չլինեիք, հիմա այս սարերը ծառերով ծածկել էիք, անտառը բերել, ձեզ մոտեցրել։ Ժամանակով երևի այս լանջերը ծածկված են եղել ծառերով, ձեր պապերը նրանց անխնա կոտորել են, դուք էլ ահա, եկել մի շիվ չեք տնկում, ճարներդ կտրած, իհարկե, քակոր պիտի այրեք, ուրիշ ի՞նչ անեք։