Այս էջը հաստատված է

ՊԱՊԱՔ․— Հանգիստ եղիր․ ես բոլորը լսեցի․ նա չմերժեց քեզ։

ՀԱՄՏՈՒՆ.— (շփոթված) Ինչպե՞ս, ուրեմն ես... ի՞նչ, շփոթված էի... կամ գուցե լավ չլսեցի... բայց նա բացեիբաց մերժեց։
ՊԱՊԱՔ.— Ո՛չ, նա մերժման համար ոչ մի խոսք չասաց, այլ առարկեց թե՝ ինքն յուր հոր հլու հպատակն է, այդ կնշանակե թե՝ հայրս հրամայում է ինձ Ներսեհին գնալ, գնում եմ, կհրամայե քե՞զ հետ ամուսնանալ, քեզ հետ կամուսնանամ։ Հասկացա՞ր։
ՀԱՄՏՈՒՆ.— (բարկանալով) է՜հ, ի՜նչ ես դու քեզանից ենթադրություններ անում։
ՊԱՊԱՔ.— Ենթադրություն չէ, այլ իսկություն։ Օրիորդը քեզ
հետ համակրությամբ խոսեց. նա, մինչև անգամ, շեշտեց թե՝ հոր հրամանը գերադասում է յուր զգացմունքներին, հասկանու՞մ ես. այդ կնշանակե թե՝ նա զգացմունքներ էլ ունի քեզ համար, բայց, իբրև պարկեշտ աղջիկ, ծածկում է յուր հորից։ Նա ասաց թե՝ ինքն իրավունք չունի ինքնակամ յուր բախտը տնօրինելու և թե այդ
դեպքում՝ հնազանդում է հոր հրամանին՝ ինչպես երկնառաք պատգամի։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՜, այդպիսի մի բան ասաց։
ՊԱՊԱՔ.— Իհարկե, ասաց․ դու հուզված էիր և ամեն բան չլսեցիր։ Երբ մարդու կիրքն ելնում է՝ ականջներն այլևս չեն ծառայում նրան։ Դու չպետք է քեզ այդպես շուտ կորցնեիր։
ՀԱՄՏՈՒՆ.— Օ՜, այդ աղջկա հայացքը կշփոթեցնե ամենից սառնարյուն մարդուն։ Յոթանասնամյա ծերունին, անգամ, կկորցնե նրա առաջ յուր փորձառու իմաստությունը։
ՊԱՊԱՔ.— Եվ, ահա՛, հենց այդպիսի գանձը չպետք է ձեռքից հանել։
ՀԱՄՏՈՒՆ.— (հառաչելով) Ավա՜ղ, նա արդեն ելած է իմ ձեռքից։