Այս էջը հաստատված է

Մութը կոխելուց տանուտերը կամենում էր ընթրիքի պատրաստություն տեսնել, բայց Պետրոսը ասաց, որ չի պիտի ընթրե, միայն խնդրեց, որ իրեն քնելու տեղ ցույց տա, որովհետև շատ հոգնած է և կամենում է հանգստանալ։

Տանուտերն առաջարկեց քնել ներսի տանը, ասելով, որ դրսում կարող է մրսել, որովհետև գիշերը ծովի կողմից երբեմն փչում է ցուրտ քամի։

Պետրոսն համաձայնեց և ներս գնաց, որ տեսնի թե ո՞րքան է այդ տունը հարմար, գոնե մի գիշեր քնելու համար։ Բայց ինչպես ցերեկով, նույնպես և այժմ, այդտեղ բուրում էր խոնավության ու ծուխի անախորժ հոտ։

— Այստեղ չեմ քնիլ,— ասաց նա և դուրս եկավ։

— Էս մի օթախն էլ տես, թե խավնիս, իստեղ քնա,— ասաց տանուտերը և բաց արավ սրահի վրա գտնվող մի ուրիշ դուռ։

Պետրոսը ներս մտավ: Դա սենյակի նման բան էր, միջից ցածր ցանկով կտրված։ Առաջին մասը փոքր ի շատե մաքուր էր և պատի տակն ուներ տախտակաշեն մի թախտ։ Միայն թե այստեղից էլ փչում էր թրիքի չափազանց սուր հոտ։

— Այս հոտը ո՞րտեղից է,— հարցրեց Պետրոսը քիթը վեր քաշելով:

— Էն մեկել յանը տավարի գոմն ա. խոտը նրանից ա, ամա տավար իստեղ չի, էն դրսի յանն ա. մինակ ձին ա կապած։

— Դուք, ուրեմն, այստեղ նստում կամ քնո՞ւմ եք։

— Խրամանք ես. ձմեռը շատ փայ էսոր մեջ ենք նստելում յա քնելում, ընդուր որ տավար մեջն ա ըլում, էդ պատճառի էլ տաք ա ըլում։

Պետրոսը գլուխը շարժեց և դուրս գնաց:

— Այստեղ լավ է, այստեղ կքնեմ,— ասաց նա ցույց տալով սրահում դրած թախտը:

— Կամք խրամանքիդ ա,— պատասխանեց տանուտերը և հրամայեց Սալբիին անկողին պատրաստել: