Այսպիսի որոշման գալուց հետո, այսուամենայնիվ, աղբյուրի ականակիտ վիժակը հրապուրեց երիտասարդին: Նա տիղմի մեջ ընկած քարերը կոխելով մոտեցավ սառ ջրին, առատորեն լվացվեցավ և երեսը սրբելով, վերադարձավ գյուղը։
Ինքնաեռը դարձյալ եռում էր։ Առաջին օրվա եղանակով Պետրոսը պատրաստեց թեյը և հրավիրելով տանուտերին, սկսան խմել և դրա հետ միասին էյ վայելել լոշից, պանրից և խաշած ձուերից բաղկացած մի նախաճաշ։ Դրանից հետո տանուտերը հայտնեց հյուրին, որ ինքը մի քանի ժամով մինակ պիտի ձգե նրան, որովհետև հանդումն անհրաժեշտ գործ ունի։
— Իսկ ես կամենում եմ գնալ Սևանը տեսնել և հենց այսօր էլ վերադառնալ Դիլիջան,— ասաց երիտասարդը, ինքըն էլ զարմանալով, որ կարողացավ այդպես շուտ յուր որոշումը հայտնել ուրիշին։
— Էս մի օրվա մեջ Սևան էթալ, դառնալ ու էստիեն մին է։ Դիլիջան հիջնել դժվար ա. ես քե ինենց եմ խեյրաթ (խորհուրդ) տալում, որ վանքեն դառնաս, գիշերն հանցնես մեր կուշտ, եդո էն բաշտան (առավոտանց) Սիմոնովկեն տրոյկը (սայլակ) ապսպրենք նստես էթաս։
— Շատ լավ, այդպես կանենք,— համաձայնեց երիտասարդը, ուրախանալով որ գործն այդպես հեշտ է վերջանում: Հետո ուզեց իմանալ թե ինչով պետք է գյուղից գնալ մինչև Սևան։
— Իստեղից ձի կխեծնես մինչև էն ճոճ թումբը, որ մեր հառեջն ի. ինոր մոտ կհիջնաս ծովի ղրաղ, ինտեղից թյուֆենկով ձեն կըտաս, գյամըչին կգյա, կառնի կտանի։
— Ձիու հետ միասին։
— Չէ, ձին կթորգես ծովի ղրաղ։
Կամսարյանը խնդրեց, որ տանուտերը տնից ելնելուց առաջ, վարձե յուր համար ձի, այլև մի ընկեր, որ առաջնորդն իրեն մինչև կղզու հանդիպակաց ափը, թեպետև այդ տարածությունը տասը վերստից ավելի չէր։
Կես ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Երիտասարդը թամբել տվավ ձին, յուր հետ բերած նոր թամբով, որ շատ հարմար էր։