Այս էջը հաստատված է


Եթե այս վերջին ենթադրությունը ճիշտ էր, ապա պետք էր կարծել, որ հայ գյուղացին, ուրիշ շատ թերությունների հետ միասին, ունի նաև ստոր հակումներ։

Երբ այս մասին հարց տվավ Կամսարյանը աբեղաներին, նրանցից մինը պատասխանեց.

— Խավար ու գիջին նկուղներում, ուր որ արև չէ թափանցում, վխտում են միշտ զեռուներ։ Գյուղերում այնպիսի խավար է տիրում և այնպիսի խոր տգիտություն, որ բնավ չպիտի զարմանաք, եթե տեսնեք, որ գյուղացին բամբասանքից ու գրախոսությունից զատ, վարակված է նաև ուրիշ չար ախտերով: Արև է հարկավոր, որ նրանց սառ հոգին ջերմացնե, նրանց մտքի անոթը լուսավորե, այդ արևը չկա՛ երբեք չէ ծագում, գյուղացին ի՞նչ անե...

Կամսարյանը, որ էդ վայրկենին մոռացել էր յուր ուխտը, կամ որին այնպես թվաց, թե հոգևորական եղած տեղը աշխարհականը չպետք է ժողովրդի վրա մտածե, մի անզուսպ պահանջ զգաց հիշեցնել հոգևոր հայցերին իրենց պարտականությունը։

— Ինձ թվում է,— ասաց նա,— որ հենց դուք ինքներդ կարող էիք դառնալ այդ արևը և ցրել գյուղերում տիրող խավարը: Ինչո՞ւ ուրեմն չեք անում։ Մի՞թե, արդարև, ավելի լավ չէ մտնել ժողովրդի մեջ, ծառայել նրա բարոյական ու մտավոր շահերին, քան թե ապարդյուն ճգնիլ անապատում։

Խոսող աբեղան չպատասխանեց, բայց նրա ընկերը, որ ավելի երիտասարդ էր և ավելի աշխուժոտ, կանգ առավ հին մատուռի կիսավեր ավերակի առաջ, որի մոտով անցնում, էին, և ասաց.

— Չգիտեմ դուք ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ, բայց ձեզ, պարոն Կամսարյանին, ես լավ եմ ճանաչում։ Այն ժամանակ, երբ դուք գիմնազիոնն ավարտելով գնացիք Պետերբուրգ, ես էլ Ներսիսյան դպրոցն ավարտած` սարկավագ էի։ Հետո անցա էջմիածին և վարդապետ ձեռնադրվեցա։ Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, ճգնում եմ Սևանում: