Բայց չնայելով այս ճգնության, որ յուր ապարդյուն խստություններն ունի, այսուամենայնիվ, չեն մարած սրտիս աշխույժն ու եռանդը, ասպարեզ եղած տեղը` կարող եմ գործել, իսկ չեղած տեղը գեթ ազատ խոսել։ Թույլ տվեք, ուրեմն, որ ձեր հարցին պատասխանելուց առաջ, ինքս ձեզ տամ մի հարց, որ, միևնույն ժամանակ, կլինի նաև ձեր պատասխանը։
Կամսարյանը լարեց ուշադրությունը։
— Ասացեք խնդրեմ,— շարունակեց աբեղան,— մինչև ե՞րբ պետք է դուք նման պահանջներ անեք մեզնից՝ առանձին թե հրապարակով և հավատաք թե արդար պահանջ եք անում։ Որ հոգևորականը աղոթելուց, մկրտելուց և թաղելուց զատ ուրիշ շատ վսեմ պարտավորություններ էլ ունի, այդ ես չեմ հերքում։ Հոգևորականն, այո՛, կարող է լինել հենց այն արևը, այն պայծառ լուսատուն, որ փարատում է ժողովրդի մտքի խավարը։ Նա յուր բարձր կոչման շնորհիվ մեծ էլ դյուրություն ունի այդ ժողովրդի ամեն խավերը մտնելու, յուր հոտի ամեն մի անդամին մտերմանալու, նրա սրտի, հոգվո և զգացմունքների հետ խոսելու և այդպիսով էլ մեծ արդյունք առաջ բերելու։ Բայց ո՞ր հոգևորականը կարող է այդ անել, միթե մե՞նք, արդի հոգևորականներս։ Երբեք։ Մենք ինչացո՞ւ ենք. ո՞վ է մեզ տվել այդպիսի կարողություն. ով է մեզ պատրաստել դրա համար։ Մենք հո երկնքից չենք իջել, այլ ելել ենք ձեր միջից. ինչ որ դուք եք, նույնն էլ մենք, փշիցը խաղող չենք քաղիլ, ոչ էլ տատասկից` թուզ։ Տվեք, որ ստանաք, սերմեցեք, որ հնձեք։ Մի գուցե կարծում եք թե, հոգևոր կոչման հետ միասին, մենք ստանում ենք նաև խելք, գիտություն, գործելու շնորհ, կամ թե գերբնական մի զորության շնորհիվ, ազատվում ենք մեր մարդկային, սովորական կրքերից, ցանկություններից... Մի՞թե չգիտեք, որ հոգևորականների մեծամասնությունը հոգևոր կոչումն առնում է յուր վրա միայն յուր գոյությունը պահպանել կարենալու համար... Միթե չգիտեք, որ ծուլությունը, հեշտ ապրելու տենչը, արիության և աշխատասիրության պակասությունն է, որ ծնվել է մեր այսօրվա հոգևոր պաշտոնյաների լեգեոնը և ոչ թե անձնվիրության ու առաքելության վսեմ գաղափարը, որի մասին նրանք նույնիսկ հասկացողություն չունին։