Այս էջը հաստատված է

Այդ պատճառով Կամսարյանը ցանկություն հայտնեց բլրի գլուխը բարձրանալու, որպեսզի այնտեղից կարողանար կղզու ամբողջ շրջապատը տեսնել, որովետև բլրի մինչև գագաթ հասնող լանջը ծածկում էր յուր աչքից արևելյան լճամասն ու նրան պատող լեռնագոտին։ Վանահայրն ու լուսարարը ընկերացան երիտասարդին։

Տաճարի ավերակից մի քանի հարյուր քայլ դեպի արևելք բարձրանալով, նրանք կանգ առան բլրի կատարին։ Այդտեղից արդեն կղզյակն երևում էր ողջ ջրապարփակ և յուր թմրաձև, սապատավոր դիրքով նմանում ծովային առասպելական մի կենդանու, որ մարմնի կեսը ալիքներից վեր հանած՝ ներս է շնչում օդի կարևոր պաշարը՝ նորեն ջրի տակ սուզվելու համար։ Ծովակի կապույտ դաշտը, որ պատում էր նրան չորս կողմից, սկսել էր հուզվիլ Սոդի ընդհատ քամուց։ Փոքրիկ մկանունքները, որոնք մինչև այն հազիվ կնճռոտում էին ջրի երեսը, տակավ առ տակավ փոխվում էին ալիքների և իրար հրելով, կամ միմյանց թևակոխելով մերթ ուռչում, բարձրանում էին ու խուլ ֆշշոցով իրար փլչում, մերթն գալիս, մոտենում բլրի ստորոտին և ուժգին շառաչով ժայռերին զարկում։ Իսկ ծովակի խորքերում այդ հուզումը հետզհետե երևան էր հանում նորանոր պատկերներ, նա մերթ արևից շողեր կորզելով՝ նրանցով փրփրուն ալիքներն էր ոսկեզօծում, մերթ խուսափուկ ամպերից ստվեր առնելով, լճի կապուտակը սպիտակ կամ գորշ սավաններով էր ծածկում։ Մինչդեռ շուրջ պատող թումբերն ու լեռները, իբրև հանդիսատես հսկաներ, դիտում էին հեռվից ծովակի հուզումը, մերթ ժպտում ուրախ, երբ բացվում էր արևը, մերթ հոնքերնին կիտում, երբ ծածկվում էր նա և այղպիսով, կարծես, հայտնում իրենց գոհությունն ու դժգոհությունը, որից և ողջ հորիզոնը ստանում էր մերթ վեհ, մերթ ակնապարար տեսք։