պանրից, եփած ձուերից և աղած կողակից, իսկ խորտիկը, որ հետո բերին, թանապուրից, նոր խաշած իշխաններից և ձավարով ու յուղով պատրաստած «քաշովի»—ից։ Սեղանի վրա պակաս էր միայն միսը, կամ նրանից պաարաստած կերակուրը։ Վանահայրը բացատրեց, որ վանական խոտակեցության օրենքը արգելում է իրենց՝ զոհի մսից զատ, ուրիշ միս ուտել, կամ գործածել այն կերակուրի մեջ։
Մի քիչ հետո, սակայն, Կամսարյանը նկատեց, որ վանահայրը երևի համեստություն էր անում «անպաճույճ» անվանելով առաջարկված ճաշը, ապա թե ոչ վերջինս ո՛չ միայն հեռու էր անպաճույճ լինելուց, այլև չէր կրում խստակեցության կնիք։
— Ես «անպաճույճ» անվանեցի ձեր տեսակետից, իսկ մեզ համար սա մինչև անգամ փարթամ ճաշ ա,— բացատրեց վանահայրը ծիծաղելով։ Ապա կամենալով մի գաղափար տա, հյուրին իրենց խոսակցության մասին, ծանոթացրեց նրան Սևանա անապատում ընդունված պահեցողական կարգերին որից երևաց, որ նրանք տարվա մեծագույն մասը անցընում են պահքով։ Որովհետև բացի հասարակ ու շաբաթական պասերը, նրանք պահում էին նաև երեք «մեծ պասեր»։ Դրանցից առաջինը սովորական մեծ պասն էր, որ բուն բարեկենդանից սկսվելով, վերջանում էր զատկին, երկրորդը հոգեգալուստից մինչև վարդավառ, որ տևում էր ութ շաբաթ, երրորդը՝ Վարագա խաչի տոնից մինչև հիսնակի պասը, որ դարձյալ ուներ ութ շաբաթ.— էդ բոլոր կարճ ու էրկան պասերին, շարունակեց վանահայրը,— մեր միաբանության կերածն լինում ա ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ ու կանաչի։ Միայն ուտիքին ա որ յուղ, կաթ ու ձու կարող ենք ուտել, կամ բրինձ ու ձավար։ Ծովից հանած ձկներից էլ ի հարկե, անուշ ենք անում, որքան պատահում ա։
— Հեր օրհնած, էլ ուրիշ ի՞նչ ես ուզում,— կամացուկ շշնջաց երիտասարդ աբեղան, որ նստած էր Կամսարյանի կողքին։
Վերջինս ծիծաղեց։