Այս էջը հաստատված է

— Ընչի՞ ես ծիծաղում,— հարցրեց վանահայրը ժպտալով։

— Ոչինչ, մտածում եմ թե ի՞նչ կանեի ես, եթե ձեր միաբանը լինեի։

— Ի՞նչ պըտի անեիր, կապրեիր էնենց, ոնց որ մենք ենք ապրում։ Ըստոնք էլ քեզ պես տղերք են ըլել, հո վարդապետ չեն ծնվել։ Այ, տեսնո՞ւմ ես,— ցույց էր տալիս վանահայրը աբեղաներին,— ամեն բան սովորել են, կարգի ու կանոնի վարժվել, հմի սիրով ապրում ու ըսկի դժգոհում չեն։

Ճաշը վերջանալուց՝ Կամսարյանն շտապեց յուր շնորհակալությունը հայտնելու վանահորը և բոլոր միաբանությանը' իրեն ցույց տված սիրալիր ընդունելության համար և ապա պատրաստվեց հեռանալ կղզուց: Բայց որովհետև հենց այդ միջոցին հիշեց, որ բացի «թանգարանին» տված նվերը, անհրաժեշտ է նաև միաբանության օգտին նվիրաբերել մի բան, ուստի խնդրեց վանահորը բերել տալ նվիրատվության մատյանը, որպեսզի յուր տուրքն արձանագրե այնտեղ։

Վանահայրը սկզբում չհասկացավ նրա ասածը, ապա երբ երիտասարդը յուր խնդիրը կրկնեց, նա ժպտալով նկատեց.

— Էհ, որդի, մեր վանքումն ի՞նչ ա շինում մատյանը... մենք նահապետական մարդիկ ենք, ուխտավորը գալիս ա, իրա ուխտն անում, եդո վանահոր աջն առնում, մի աջահամբույր տալիս, գնում։ Նրանից եդը էլ ո՞վ ա հարցնում թե ի՞նչ տվավ, ի՞նչ չտվավ, յա չէ մեզանից ո՞վ պտի հաշիվ ուզի։ Էդ որ աջահամբույրի համար էլ գիր ու կիրակոս պահենք, ծե՞րն ուր կերթա։

− Բայց ես կարծում եմ, որ եթե այդպիսի մի կարգ սահմանեիք, այսինքն ամեն տուրք մատյանի մեջ արձանագրվեր, վատ չէր լինիլ: Դա, մինչև անգամ, օգուտ կբերեր վանքին։ Նախ՝ որ այդ մատյանը կարելի կլիներ աոաջարկել ամեն այցելուի, երկրորդ, որ վերջինս հաստատ գիտենալով թե յուր տվածը արձանագրվում է մի տեղ, և այն էլ ի տես ուրիշ այցելուների, կնվիրաբերեր ավելի առատորեն։