Այս էջը հաստատված է


— Էդ հու էս ջահիլների խոսքն ա. էրևում ա դու էլ ըսդոնցից ես լսել,— նկատեց վանահայրը, կարծես վիրավորվելով:

— Դա ի՛նչ մի նոր բան է, որ ես սրանցից լսեմ. բոլոր աշխարհում ընդունված, ամեն տեղ գործադրվող մի սովորական բան է։

— Չէ, որդի, ես մատյան բան չեմ գիտում։ Միշտ ասել եմ, էսօր էլ կասեմ. վանքի մատյանը նրա վանահայրն ա. ով նրան հավատում ա, նրա վրեն վստահ ա, թող տա, ինչ ուզում ա. ով չի հավատում, տերը նրա հետ. էդենց մարդու տուրքն էլ ըսկի վանքին պետք չի։

Կամսարյանին այլևս առարկելիք չէր մնում, նա շտապեց յուր սխալը ուղղել նրանով, որ ջերմությամբ համբուրեց վանահոր աջը և մի տասնոց դրավ նրա ձախում։

Վանահայրն, իհարկե, հաշտվեց յուր սրտում երիտասարդի հետ և քաղցր խոսքերով օրհնելով նրան, մաղթեց նաև բարի ճանապարհ։

Պետրոսը նորից յուր շնորհակալությունը հայտնեց միաբանության բոլոր անդամներին և բարեկամաբար նրանց ձեռքը սեղմելով, մնաք բարև ասաց և հեռացավ։ Աբեղաներից մի քանիսը, նույնպես և լուսարարը, ուղեկցեցին նրան մինչև լճափը։

Այստեղ նրանք հանդիպեցին վանքի ելևմտից կառավարիչ սարկավագին, որ հենց նոր էր վերադարձել Ցամաքաբերդից, ուր գտնվում էր վանքի «Դրսի տունը», այն է՝ նրա տնտեսության արտաքին բաժանմունքը և ուր սա հաճախ երթևեկում էր գործով։

Լուսարարը երիտասարդին ծանոթացնելով նորեկի հետ, ցավ հայտնեց, որ վերջինս վաղ չէր վերադարձել, ապա թե ոչ, ասաց — նա ընենց պատիվ կտար քեզ, որ քո օրում Սևանը ըսկի չէիր մոռանա։

— Շնորհակալ եմ դուք էլ լավ պատվեցիք, Սևանը դարձյալ չպիտի մոռանամ. — հարեց երիտասարդը։

— Չէ, մեր բանն ուրիշ ա, սարկվագինն ուրիշ. սա բանի ղայդան լավ ա գիտու՛,— կրկնեց լուսարարը ծիծաղելով։