Այս էջը հաստատված է

Նրա պաշտոնն է, իբրև վանքի գործակատար, հսկել նրա կալվածներին, ժողովել եկամուտը, երբեմնապես գնալ մոտիկ քաղաքները, թե այդ տեղերի կալվածոց արդյունքը գանձելու և թե՛ միաբանության համար հագուստ կամ այլ պիտույք հայթայթելու։ Բայց նա յուր պաշտոնը կատարում է ոչ թե իբրև գործակատար, այլ իբրև վանքի տեր ու իշխեցող։ Եկամուտ ձեռք բերելու դժվարին մասը նա, իհարկե, հանձնում է վարդապետներին սրանք են, օրինակ, հավաքում՝ միաբանության հասանելիք «պտղի բաժին»— ոչխարը, պանիրը, ձեթը, ցորենը և այլն։ Այս առիթով խեղճերը սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում և սակայն այդ ամենը վանքը մտնելուց հետո, ենթարկվում է սարկավագի միահեծան իշխանության։ Ինչ վերաբերում է դրամական գործերին, դրանք արդեն նրա ձեռքումն են։ Ի՞նչ մուտք ունի վանքը և ի՞նչ ելք, այդ մենք չգիտենք, բայց գիտե սարկավագը և եթե հարկ լինի որևէ հաշիվ տալ մեկին, այդ կտրվի այնպես, ինչպես որ սարկավագը կուզե, և ոչ թե այնպես, ինչպես որ իրոք կա։ Այսօր կղզին մտնելուց դուք խոսեցիք գյուղացիների տրտունջի մասին, որը, սակայն, ընկերս համարեց զրախոսություն, բայց նա սխալվում էր։ Գյուղացվոց տրտունջն էլ ունի յուր հիմքը։ Մեր գործերն առհասարակ այնպես են ընթանում, որ հեռվից նայողը պիտի կարծե թե, այս անտեր հայոց ազգում ո՛չ մեծ կա, ո՛չ փոքր, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական, այլ կան մի-մի սարկավագներ, որոնք հենված իրենց պաշտպան «ուժերին», գործում են՝ ինչ կամենում են, և ոչ ոք նրանց չէ իշխում խանգարել։ Եվ հենց այդպես էլ է, եթե երբեմն մարդիկ համբերությունից ելնելով սկսում են տրտնջալ կամ ուր հարկն է բողոքել, այդ ամենի արդյունքը լինում է այն, որ սարկավագը կատարում է մի փոքրիկ ճանապարհորդություն, համբուրում է «աներևույթ կարգադրիչների» ձեռքը և վերադառնում դարձյապ յուր պաշտոնով ու իրավունքներով։