Այնուհետև ջուրը դարձյալ հոսում է յուր հին ճամփով և մարդիկ հոգնած հաշտվոմ են այդ դրության հետ։ Այս է իսկապես պատճառը, որ վանահայրն ամեն բանում համակերպվում է սարկավագին։ Նրա մեջ այլևս մեռել է տրտնջող ու բողոքող հոգին և մնացել է միայն մի փոքրիկ փառասիրություն, որ գոհ է, գեթ նրանով, որ ինքն աշխարհի առաջ համարվում է «վանահայր»։ Իսկ թե այնուհետև ի՞նչ է կատարվում շուրջը, այո ամենի համար նա կարող է աչք գոցել, որպեսզի «աներևույթ» պաշտպանները չգրգռվին։ Այս կերպով են վարվում մեր գործերը շատ տեղ և «խոհեմ» մարդիկ չեն վրդովվում այդ դրությամբ, ոիովհետև հավատացած են թե ոչինչ այլևս չէ կարելի փոխել։ Բայց մի՞թե այդպես է։ Մի՞թե այդ ձևով պիտի մտածենք նաև մենք, որ մտել ենք հոգևոր զինվորության մեջ գաղափարով ոգևորված... Ի՜նչպես թե մի տգետ ու գռեհիկ գեղջուկ միահեծան տեր լինի այս հինավուրց անապատին... Ի՜նչպես թե այդ պաշտոնը նա գնե այնպիսիներից, որոնց մի փութ աղած կողակի նվերը ավելի է զբաղեցնում, քան թե Սևանի շուրջն ապրող ժողովրդի ցավերն ու կարիքները... Եվ երբ այս մասին մտածում ես, երբ երևակայում ես թե ի՛նչ կարող էր լինել պատմական Սևանը, ինչե՛ր կարող էին լինել հռչակավոր Տաթևը, Սանահինն ու Հաղբատը, Գանձասարն ու Ամաբասը և ուրիշ շատերը, որոնք, սակայն, այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ ավերանոցներ, զայրույթից քիչ է մնում որ խելագարվես... Ահա, այդպիսի դեպքերումն է, պարո՛ն Կամսարյան, որ մենք հիշում ենք ձեզ, զարգացած ու կարող երիտասարդներիդ և կարոտում ձեր օգնության...
Վերջին բացականչությունը նեղը պիտի լծեր Կամսարյանին, եթե նրա բախտից նավակը չհասներ ափին։ Բայց նա ոչ միայն հասել, այլև կողն արդեն դեմ էր արել ժայռին։ Պետք էր ուրեմն ելնել։ Այս դեպքում, իհարկե, պատշաճից դեմ չէր, որ երիտասարդը, իրեն ուղղված սրտառուչ դիմումին հարմար և վայել պատասխան չտալով, շատացավ միայն աբեղայի եռանդը մի քանի խոսքով գովելով։