Այս էջը հաստատված է


Հետո բարեկամաբար նրա ձեռքը սեղմերով, շնորհակալություն հայտնեց սիրալիր ուղեկցության համար և հատկապես խնդրեց, որ հայր-սուրբը հաճի վստահորեն դիմել իրեն, երբ հարկ լինի հանձնել իրեն որևէ պատվեր կատարելու։

— Պատվերներ տալ ձեզ՝ չեմ համարձակվիլ, բայց գուցե խնդրեմ, որ երբեմն ինձ համար նոր գրքեր ղրկեք, դրանով դուք ինձ շատ շնորհապարտ կկացուցանեք,— ասաց աբեղան։

— Ամենայն սիրով և ուրախությամբ,— հարեց երիտասարդը և մակուկավարներին առատորեն վարձատրելով. դուրս ելավ ափը։

Մի քանի րոպեից հետո նավակը հեռանում էր առնելով յուր հետ բողոքարկու աբեղային, իսկ Կամսարյանն յուր ձին խրախուսելով, դիմում էր դեպի Չիբուխչու։

ԺԴ

Դեռ բավական օր կար, որ Պետրոսը հասավ գյուղ։ Տանուտերը տանը չէր. նրան դիմավորեց տանտիրուհին, որի հետ խոսել նա չէր կարող։ Ինչպե՞ս անցնել ուրեմն օրվա մնացորդը, կամ ո՞ւր գնալ, մտածեց երիտասարդը և իսկույն էլ մտաբերեց տիրացու Մոսուն։— «Այցելեմ նրա դպրոցը, այս կարող է ուրախացնել տիրացուին», խոսեց նա ինքնիրեն և դուրս գնաց։

Առաջին պատահող անցորդը ցույց տվավ նրան տիրացուի տեղը, դեպի ուր և ուղղեց յուր քայլերը։

Տնակն, ուր ապրում էր Մոսին, գտնվում էր գյուղի ծայրում և բաղկացած էր մի հատ երդիկավոր միադուռն օդայից և ցածուն, բայց լայնադիր սրահից, որի առաջ գտնվում էր նաև փոքրիկ բակ, կիսով չափ պարսպած գետաքարերի անշաղախ պատով։ Հովանավոր սրահում, այլև բակի այն մասում, որի վրա հարևանի աթարի դեզը տարածել էր լայն ստվեր, անկարգ ու խառն ի խուռն նստոտած էին մոտ երկու տասնյակ տղաներ, ոմանք կտավի փոքրիկ մինդարների կամ հին կապերտի կտորների, ոմանք պատերի տակ ընկած սալաքարերի, իսկ ուրիշներ՝ ուղղակի հողի վրա։