— Ո՜ւր ա, դե շանց տու տենեմ, շանց տու, շո՛ւտ,— կրկնում էր տիրացուն անհանգստությամբ։
Աշակերտը վերջապես գտավ ադպեսը և ցույց տվավ։ — Ադա, էշի ծեք, բա էդ ա՞դպես ա, էս «յ»-ին տենո՞ւմ չես. աչքդ քո՞ռ ա. հմի թխեմ դրուստ քոռացնե՞մ, — ասում էր վարժապետը և ապա ուղղում՝ — ասի՝ այդպես։
— Այդպես։
— Չո՛ռ․․․ դե հմի միտդ պահի։
— Այդպես ուրախ ծիծաղում ես... շարունակեց աշակերտը։
Կամսարյանը, որ մի քանի վայրկյան ցանկապատի հետևը կանգնած տեսնում ու լսում էր այս ամենը, վերջապես մտավ բակը։
Տիրացուն հենց որ նշմարեց նրան, ձեռքը բնազդաբար դեպի գլուխը տարավ, և գդակի դիրքը ուղղելով շտապ-շտապ մոտեցավ երիտասարդին։
— Բարով ես եկել, աղա, հազար բարով, էս ո՞ր խաչից ա մեզ միտդ ես գցել,— ասաց նա ժպտալով և սև ու կոշտ ձեռքը Կամսարյանին ուղղելով։
— Եկել եմ քո ուսումնարանը տեսնելու,— պատասխանեց վերջինս և թեթևակի ու կես անուշադիր սեղմեց Մոսու ձեռքը։
— Շնորհակալ եմ... Աստոծ էլ քե մհալ գցի (ուշադիր լինի), ոնց որ դու մեզ մհալ ես գցում... ամա դեմ կբաշխես, քու տենելու լայաղ հուսումարան չունեմ։
— Հոգ չէ, ինչ ունես' ա՛յն կտեսնենք։
— Լավ կըլի,— համաձայներ տիրացուն և դառնալով աշակերտներին' կես բարձր ու կես խեղդված ձայնով, հրամայեց,— ադա, վե կացեք, աղին գլուխ տվեք։
Աշակերտները մեկը մյուսի հետևից վեր կացան տեղներից ու շվարած ու երկչոտ հայացքով սկսան դիտել «աղին»։
Նրանց արտաքինդը չափազանց տխուր ազդեցություն էր անում։ Մոտ երկու տասնյակ աշակերտների մեջ հազիվ մի երկուսը հագնված էին օրինավոր, այսինքն ունեին չմաշված շոր և կաշվե ոտնամաններ։