Այս էջը հաստատված է

ՋԱԼԱԼ.— Այո՛, Ռուզան. և ահա' այս էր պատճառը, որ երբ Ներսեհը քիչ ժամանակ առաջ եկավ ինձ մոտ ձեր ամուսնության նկատմամբ իմ վերջնական համաձայնությունն ստանալու, ես նրան ասացի, «Որդյակ իմ, քեզ հայտնի է իմ իշխանության ու ժողովրդի արդի անապահով դրությունը. դու գիտես, թե ի՞նչ վտանգ կարող է հասնել նրանց, եթե գեթ մի օր ինքս ինձ տամ անհոգ զվարճության։ Իմ երկրի սահմանը բռնող թշնամին արծվի սրատեսություն և շան հոտառություն ունի. բավական է իմ կողմից փոքր զանցառություն և ահա նրա գնդերը կբռնեն մեր բլուրները, իսկ ա'յն երկիրն, ուր նրանց ոտքն է կոխում, կանաչ չի բուսուցանում։ Իմ դստեր ամուսնությունը, ասացի, մի հասարակ հանդեսով չի անցնիլ. իսկ իշխանական տան վայել խրախճանով պարապելու ես ժամանակ չունիմ, համբերիր, ասացի, մի առ ժամանակ, մինչև իմ այս թշնամին յուր որջը կդառնա և իմ երկրի մեջ կտիրե ապահովություն, այն ժամանակ ես կօրհնեմ ձեր միությունը և մեր բոլոր ժողովուրդը կմասնակցի այդ ուրախության»։

ՌՈՒԶԱՆ.— Եվ Ներսեհն, իհարկե, խոստացավ համբերել։
ՋԱԼԱԼ.— Այո։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ այդ խոստումը մի՞թե կարող էր արգելել նրան ըստ սովորականին մեզ այցելելու։
ՋԱԼԱԼ.— Կարող էր արգիլել, եթե նա կերթար քո և յուր երջանկության խոչընդոտները բառնալու։
ՌՈՒԶԱՆ.— Ուրեմն նա գնացել է մեր թշնամու դե՞մ պատերազմ ։
ՋԱԼԱԼ.— Այո', պատերազմ։ Եվ աստծո աջը զորավիգ կլինի նրան։
ՌՈՒԶԱՆ.— Անշուշտ։ Բայց ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Ներսեհը մի խոսք անգամ չասաց այդ արշավանքի մասին, երբ վերջին անգամ եկավ յուր հրաժեշտն ինձ տալու։
ՋԱԼԱԼ.— Ազնիվ երիտասարդն ինձ ևս չհայտնեց ոչինչ։ Բայց յուր ձեռնարկության լուրը մեր հետամուտները բերին։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ այդ ձեռնարկության ե՞լքը։
ՋԱԼԱԼ.— Առաջին հարձակումը հաջողակ է անցել։ Ներսեհը գրավել է թշնամու դիրքը, իսկ այնուհետև նոր լուր դեռ չունիմ. այսօր անշուշտ մեզ սուրհանդակ կգա։