Մյուսները գրեթե ցնցոտիների մեջ էին, ոմանք մինչև իսկ կիսամերկ և բոկոտն, կային և այնպիսիները, որոնք արխալուղի (բաճկոն) տակ շապիկ չունեին, կամ եթե ունեին, այնքան էր կեղտոտ, որ կտավի ի՛նչ գույն լինելը չէր որոշվում։
— Աղա, ձեզ ասըմ չե՞մ գլուխ տվեք,— կրկնեց տիրացուն յուր հրամանը։
Աշակերտներից մի քանիսը գլուխ իջեցրին· ավելի փոքրերը դեռ նայում էին. ապա ընկերներին հետևելով, նրանք էլ գլուխ տվին, առանց իմանալու թե ինչո՞ւ են այդպես անում:
Մի փոքրիկ դալկադեմ տղա, որ դեռ քարի վրա նստած յուր մեծ-մեծ սիրուն աչքերը հառել էր «աղին» և չէր մտածում ոտքի ելնել, գրգռեց տիրացուի զայրույթը։
— Ա լակոտ, խի՞ չես վե կենում,— խուլ ձայնով ճչաց նա և յուր բարկացայտ աչքերը սևեռեց երեխայի վրա։
Վերջինս վեր թռավ, իբրև օձահար և երկչոտ հայացքը սկսավ պտտեցնել մերթ «աղի», մերթ վարժապետի վրա։
Հին պատառոտուն հագուստը, որ շատ տեղ նույնիսկ չէր ծածկում տղայի նիհար մերկությունը, անմեղ ու տխուր հայացքր, որ մի առանձին գրավչություն էր ստացել զգացած երկյուղի ազդեցության շնորհիվ, այնպես հուզեցին Կամսարյանի սիրտը, որ նա չկարողանալով յուր դժգոհությունը զսպել, ծանր դիտողություն արավ վարժապետին, որ նա կոպտաբար է վարվում երեխաների հետ։
— Որ դհե չանես, սրանք մարդ չեն դառնալ։ Դու գիտում չես թե ինչ թահր թայփա (ցեղ) են։ Ափսո՞ս չեն մերոնք (ղազախեցիք), ընդոնցում խելք կա, շնորհք կա, ըստոնք ջլիզ (բոլորովին) հայվան են,— առարկեց տիրացուն։
— Դեհ լավ, բավական է, աշակերտներին չեն հայհոյիլ,— կամացուկ նկատեց Կամսարյանը և ապա մոտենալով տղաներին, սկսավ նրանց խոսեցնել, հարցուփորձել, մեկին կամ մյուսին կարդացնել, կամ նրանց գրքերն ու տետրակները նայել։
Տղաներից ոչ մեկը, նույնիսկ մեծերից, որոնք ձեռքերնին ավետարան ունեին, կանոնավոր կարդալ չէր իմանում։