— Ախար եթե դու այս ուսումնարանը չունենաս, գյուղացիք կտեսնեն, որ իրենց երեխաները մնում են անուսում, կհավաքվեն, կմտածեն և իրենց համար մի կանոնավոր ուսումնարան կհիմնեն։
Տիրացուն ծիծաղեց։
— Ինչո՛ւ ես ծիծաղում,— հարցրեց Կամսարյանը։
— Բա ո՛նց չծիծաղեմ, խաչն իմն ա, զորութինը ես եմ գիտում։ Մեր ժողովուրդը ընե՞նց ժողովուրդ ա, որ իրանից մի բան անի՞։ Հրեն ամեն մի բեխին ամսեկան իրեք շահի, յա մին աբասի փող դեն ա տալ, սկի էն էլ տալիս չեն, պահում, գցում են կալավախտին, թե ի՛նչ ա, փողի տեղ ցորեն, յա գարի տան։ Էն էլ թե տարին առատ ա բլում, տալիս են, թե չէ, ասում են գյալաջախ (գալ տարի) կտանք։ Ընենց մարդ էլ կա փողի տեղ ձու, ճուտ, յա հավ ա բերում, շատ վախտ էլ բերում չի։ Այ, տենում ես էն պու՛ճուր տղան, որ հմի քարիցը վե չէր կենում, նա եթիմ (որբ) ա, մի ըրբևերի (այրի) մեր ունի։ Ասավ' րեխիս կարդացու, ամսեկան մի ջուխտ գուլպա կտամ։ Ես էլ էս ա օխտն ամիս ա կարդացնում եմ։ Ամա դե մի ամսվա հմար մի ջուխտ բերել ա ու ընդուցը եգը էլ բերում չի։ Ասում եմ.— ա՛ նան (մայրիկ), բա խի՞ պարտքդ տալիս չես. ասում ա.— վարժապետ, ղուրբան ըլեմ քե, բուրդ չունեմ թե մանեմ, մի քիչ մոհլաթ տուր, էս ա գնալ դեմ Նորադուզ, իմ քվոր տունը, ընտեղից բուրդ կբերեմ, թել կմանեմ ու գուլպեքդ կգործեմ, կըտամ։ Ես էլ տենում եմ, որ խեղճ կնիկ ա, ըսկի հաց չունի թե րեխին կուշտ փորով ուտացնի, բուրդ ո՞րդիան դի գտնիլ որ թել մանի։ Ըսենցով սիրտս ցավում ա. ասում եմ նանի ջան, փիքթ մի՛ անիլ (մի՛ մտածիլ), ես քու րեխին մուֆտա (ձրի) կկարդացնեմ։ Էն ա, նա էլ ուրախանում ու օրհնում ա ինձ։ Սրանով բանը քութահ ա ըլում (վերջանում է)։
«Հմի քե եմ հարցնում. ամիսը իրեք շահի, յա մին աբասի տալով, կալափայ, ձու, ճուտ, յա փողի տեղ՝ оրհնութին հվաքելով ժողովուրդը կարա՞ հուսումարան բանա*լ...