Այս էջը հաստատված է


Ա՛յ, ուրիշ բան էր էն, որ գալիս վախտը ճամպին ասում իր ինձ թև, եթե մի մարդ իրա ծախքովը ուզի հուսումարան բանալ, գեղացիք հո չե“ն հկառակիլ։ Ես էլ ասեցի' բա խի՛ են հկառակում. մարդ իրա աչքը քո“ռ կուզի։ Հմի թե որ ըդենց մի բարի մարդ գտնվի, էն չախը հա՛, կհավատամ, որ մի բան կըլի․ թե չէ ժողովրդին․ որ թողնես, ինքն իրանից բան չի շինիլ։

Կամսարյանը զարմացավ, տեսնելով որ այնքան գռեհիկ երևացող այդ տիրացուն կարողանում է յուր (Կամսարյանի) առարկությունները հիմնավոր կերպով ջրել․ ուստի հանցանքի մեջ բռնված մարդու նման չիմացավ ի՛նչ պատասխանել։ Մի քանի վայրկյան լուռ մ տածելուց հետո, ասաց,

— Դու էլ իրավունք ունիս։

— Հարկ է որ ունիմ. ինչ կըլի բանը չիմանամ, ես սկի կխոսե“մ,— սրտավորվեց տիրացուն։

Երիտասարդն ուրիշ առարկություն չարավ և մնաս բարև ասելով, հեռացավ։

ճանապարհին, սակայն, նա մտածում էր։ Գաղափարական «ես»-ը դարձյալ շշնջաց նրա ականջին։ Նա հիշեցնում էր տիրացուի խոսքերը, բացատրությունները, նրա կարեկից վարմունքը աղքատ այրիի հետ։ «Այս չքավոր ու կիսակիրթ տիրացուն, յուր ողորմելի պատրաստությամբ, ավելի շատ է գործում և ավելի շատ օգնում խեղճ ժողովրդին, քան թե մենք, զարգացածներս, մեր բարձր գիտությամբ, մեր ունեցած հարստությամբ,— ասում էր այգ «ես»-ը և երիտասարդը լսելով նրան, թե’ համոզվում և թե’ զայրանում էր։

— Ցած ու ստոր արարածներ ենք և ուրիշ ոչինչ,— բացականչեց նա հանկարծ և քայլերն արագացրեց։

ճանապարհի կիսում նա հանդիպեց ուստա Պետուն, որ շտապ-շտապ գալիս էր իրեն գտնելու։

— Աղա՛, ախր ես քե եմ ման գալի (պտրտում)։ Էսօր էրկու հետ (անգամ) գնացել եմ տանուտերի տունը' Սալբուն հարցրել, ասել ա' հլա Սևանից եկել չի։ Քե մատաղ, աղա, թե կարաս, ջափա (նեղություն) քաշի, ե՛կ էն մարդին մի բանով օգնի, խեղճ ա, տունը քանդվում ա։